ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՎԱԼԵՆՏԻՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
ՎԱԼԵՆՏԻՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու
17/12/1937, Երևան – 29/12/1017, Երևան
1958թ. ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնի շեփորի դասարանը` ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Կարապետյանի ղեկավարությամբ:
1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային ամբիոնի շեփորի դասարանը` ՀՀ արվեստի վասատակավոր գործիչ Միքայել Խաչատրյանի ղեկավարությամբ:
1962-1967թթ. աշխատել է որպես շեփորահար Երևանի «Նաիրի» կինոթատրոնի ջազ նվագախմբում, ապա «Երևան» փողային նվագախմբում, մասնակցել շուրջ 100 համերգի։
1967-1977թթ. աշխատել է որպես շեփորահար ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում, որի կազմում բազմաթիվ ձայնագրություններ է կատարել և մասնակցել ավելի քան 200 համերգի։
1978-1989թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»։
1977-2006թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագրության երաժշտական մեկնաբան, ավագ խմբագիր։ Հեղինակել է ավելի քան 4000 ռադիոծրագիր, ինչպես նաև 120 ռադիոծրագիր Մոսկվայի «Օստանկինո» և 250 ռադիոծրագիր «ՎԷՄ» ռադիոկայանների համար։
1992թ.-ից դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։
2000թ.-ից աշխատել է «Երաժշտական Հայաստան» գիտատեսական, քննադատական-հրապարակախոսական երաժշտական ամսագրի պատասխանատու քարտուղար։
2004թ.-ից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչության բաժնի վարիչ, «Երաժիշտ» ամսաթերթի և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսումնամեթոդական աշխատությունների ժողովածուի խմբագիր։
Գիտական բազմաթիվ գրախոսականների հեղինակ է, հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում։ Հրատարակել է «Կյանքի ուրվագիծ. Միքայել Խաչատրյան» (2004), «Փողային և հարվածային գործիքներ փայտից և պղնձից» (2011), «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» (2014) և «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» (2014) գրքերը։
Գրի է առել և խմբագրել է Հայկազ Ճգնավորյանի «Հուշ և Փաշառու» հուշամատյանը («Արաքս», Թեհրան 2009)։
Իր հեղինակած գիտական, վերլուծական, քննադատական և հրապարակախոսական ավելի քան 1000 հոդված է տպագրել «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Երեկոյան Երևան», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Գեղարվեստ», «Ուրբաթ», «Եթերում է Երևանը», «Եթեր», «TV Channel», «Ալիք», «Արարատ», «Երաժիշտ», «Զրուցակից», «Երաժշտական Հայաստան», «Музыкальная Академия» (Մոսկվա), «Собеседник Армении», «Գրականութեան և Արուեստներու» և «Շիրակ» (Հալեպ) պարբերականներում և ամսագրերում։
2005թ. Թովմասյանն արժանացել է Հայաստանի ռադիոյի «Ոսկե գրիչ» հատուկ մրցանակին։
Գիտական աստիճաններ.
2004թ. շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտի կոչում։
2011թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Նվագախմբային փողային գործիքները և դրանց կատարողականությունը Հայաստանում» թեկնածուական ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։