ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՌՈԲԵՐՏ
ՌՈԲԵՐՏ
կոմպոզիտոր, շեփորահար
28/08/1930, Երևան – 06/02/2008, Երևան
Սովորել է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, միաժամանակ Պիոներ պալատի փողային նվագախմբում եղել է շեփորահար։
1953-1957թթ. սովորել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոմպոզիտորական ֆակուլտետում (պրոֆ.՝ Էդուարդ Բաղդասարյան)։
1962թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետը (պրոֆ.՝ Գրիգոր Եղիազարյան)։
1955թ.-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես շեփորահար (1960-1979 թթ.՝ որպես երաժշտական մասի ղեկավար և դիրիժոր)
1963-1981թթ. տեսական առարկաներ է դասավանդել երաժշտական ուսումնական հաստատություններում։
1960թ.-ից ստեղծել և ղեկավարել է էստրադային և ժողովրդական նվագարանների նվագախմբեր, որոնք անընդմեջ մասնակցելով հանրապետական և համամիութենական բազմաթիվ մրցույթների, արժանացել են մրցանակների և պատվոգրերի։
1972թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ
1979-1986թթ. հանդիսացել է Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։ Այդ տարիներին «Արևիկը» արժանացել է հանրապետական, անդրկովկասյան և ԽՍՀՄ կազմավորման 60-ամյակին նվիրված մրցույթների դափնեկրի կոչման, իսկ մերձմոսկովյան Դուբնա քաղաքում՝ «Մեծ ոսկե» մեդալի։
1986-1995թթ. եղել է Հեռուստառադիոյի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների նվագախմբի դիրիժոր։
1995թ. Հայաստանի պաշտպանության նախարարության ներքո ստեղծել է «Էլեգիա» էստրադային համույթը, որը համերգներով հանդես է եկել Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։
1993-2007թթ. եղել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայորդաց տների երաժշտության գծով գլխավոր խորհրդատու, Հեռուստառադիոյի կոմիտեի և ՀՀ Երգչախմբային ընկերության գեղարվեստական խորհուրդների անդամ
2003թ.-ից եղել է ՀՀ Երգչախմբային ընկերության պատվավոր անդամ:
Հեղինակել է սիմֆոնիկ, փողային, ժողովրդական, էստրադային, վոկալ և նվագարանային ստեղծագործությունների։
Պետրոսյանի հեղինակած ավելի քան 300 ստեղծագործություն ընդգրկված է Հայաստանի հանրային ռադիոյի ոսկե ձայնադարանում։ Դրանք են՝
Սիմֆոնիա (4 մաս)
2 լարային կվարտետ
4 վոկալ-սիմֆոնիկ պոեմ
4 մանկական կանտատ
Շեփորի կոնցերտ
Կոնցերտինո սաքսոֆոնի համար
Երաժշտական հեքիաթ «Արքայազնը և փայտահատը»
Մանկական մյուզիքլ «Մկնիկ-հարսնացուն»
Կատարել է մեծ թվով մշակումներ, փոխադրումներ և գործիքավորումներ սիմֆոնիկ, փողային, ժողովրդական և էստրադային նվագախմբերի և նվագարանների համար, անդրադառնալով ժողովրդական երգերին՝ հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններին։
1957-2008թթ. Ռ. Պետրոսյանի ստեղծագործություններից 77-ը արժանացել են հանրապետական և համամիութենական մրցանակների
1995թ. Հայաստանի պաշտպանության նախարարության ոսկե մեդալ