ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
ԷԴԳԱՐ ԳԱԳԻԿԻ
ԷԴԳԱՐ ԳԱԳԻԿԻ
Կոմպոզիտոր
2013թ.-ից Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) անդամ է:
Ծնվել է 15.04.1978 թ., ք. Երևանում:
1999թ. ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի բաժինը` ստանալով մաթեմատիկոսի որակավորում:
1997-2001թթ. սովորել է Երևանի «Հրաչյա Աճարյանի» համալսարանի «Միջազգային իրավունք» բաժնում` ստանալով իրավաբան-միջազգայնագետի որակավորում:
2001-2004թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում (ղեկ.` Երվանդ Երզնկյան):
2006-2010թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում (ղեկ.` Արամ Սաթյան):
2011թ.-ից մինչ օրս վարում է Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնը:
2008թ. Էդգար Գյանջումյանի նախաձեռնությամբ ստեղծվել է արյան հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը աջակցող «Օգնեմ» բարեգործական հիմնադրամը (հոգաբարձուների խորհրդի նախագահ` Էդգար Գյանջումյան):
Սյուիտ (առաջին անգամ հնչել է Մոսկվայում` Կրեմլի համերգասրահում` Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի և Ջիվան Գասպարյանի կատարմամբ)
Երկու վոկալ ցիկլ
Խմբերգային ստեղծագործություններ
«Ռոմեո և Ջուլիետ»
«Կարոտի Ծառեր» մանկական մյուզիքլ
Դաշնամուրային վարիացիաներ
Հեղինակ է շուրջ 100 երաժշտական պիեսների և երգերի, որոնք կատարվել են ճանաչված երաժիշտների և երգիչների կողմից:
2002թ. «Ամերիկա-Ռուսաստան մշակույթի զարգացման հիմնադրամ»-ի պատվերով գրել է «Հավերժության ոգի» գործիքային ստեղծագործությունը` նվիրված սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակին: Այն կատարվել է Ջիվան Գասպարյանի և այլ ճանաչված երաժիշտների կողմից: Ստեղծագործության սկավառակները ընծայվել են զոհվածների ընտանիքներին:
2004թ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ կայացել են նրա համերգները (թվով 3):
2008թ. Արամ Խաչատրյան համերգասրահում Ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ պետական նվագախմբի մասնակցությամբ կայացել է նրա 4-րդ ստեղծագործական երեկոն:
Տարբեր տարիների կազմակերպվել են նաև հեռուստահամերգներ:
2001-2010թթ. թողարկել է հեղինակային ստեղծագործությունների 5 ձայնասկավառակ.
2001թ. «Նոր դարի երգարան», 2002թ. «Հավերժության ոգի», 2004թ. «Սիրո մասին», 2008թ. «Հավատա և աղոթիր», 2010թ. «Սիրված և նոր»:
Տարբեր տարիներին արժանացել է Հայկական երաժշտական մրցանակաբշխության «Լավագույն երգ», «Լավագույն սկավառակ» (2001թ.), «Երևանին նվիրված լավագույն երգ» (2001 թ.), «Կռունկ» (2005 թ.), «Ոսկե Քնար» («Հատուկ ավանդ») (2005 թ.) և այլ մրցանակների:
2008թ. «Երիտասարդությանը ազգային հայրենասիրական ոգով դաստիարակության գործում ներդրած ավանդի համար» ՀՀ պաշտպանության նախարարի կողմից շնորհվել է պատվոգիր:
2011թ. ՀՀ նախագահի կողմից արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման:
2017թ․ Կրթության միջազգային ակադեմիայի կողմից արժանացել է «Տարվա լավագույն դասախոս» կոչմանը՝ «Արվեստի հոգեբանություն» առարկան Հայաստանումը առաջինը դասավանդելու համար։
2017թ․ Նովոռոսիսկ քաղաքում կայացած «Морской узел 2017» ամենամյա երաժշտական 16-րդ մրցույթում «Սիրո թևեր» երգն արժանացել է «Լավագույն երգ ծովի մասին» անվանակարգում հաղթողի կոչմանը։