
— Ես ծնվել եմ ճանաչված երաժիշտների ընտանիքում․ դա և՛ հեշտ էր, և՛ դժվար։ Հեշտ էր նրանով, որ հենց ծնված օրվանից գտնվում էի արվեստի մթնոլորտում, շփվում մեծանուն երաժիշտների, արվեստագետների, թատերագետների և դերասանների հետ։ Դժվար էր այն առումով, որ շատ մեծ էր պատասխանատվության զգացումս, որը ճնշում էր անընդհատ։ Ամեն նոտա գրելուց ինքնաբերաբար մտածում էի, արդյոք դուր կգա իմ պապիկին՝ անվանի թատերական ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վարդան Աճեմյանին, կամ իմ հորը՝ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Աճեմյանին։ Գրեթե ամեն օր ինձ տանում էին թատրոն և ետնաբեմում ես հետևում էի մեծ դերասաններին, թե ինչպես են նրանք բեմ մտնում, ինչպես են հուզվում․ դա աննկարագրելի բան էր։
Իմ տատիկը՝ հայ բեմի մեծանուն դերասանուհի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Արուս Ասրյանը կիրակի օրերին ինձ միշտ տանում էր Էջմիածնի Մայր Տաճար։ Ես իմ առաջին երաժշտական վառ տպավորությունը ստացել եմ Մակար Եկմալյանի «Պատարագ»-ը լսելուց․ ուղղակի ցնցված էի այդ գեղեցիկ երաժշտությունից։ «Պատարագ»-ը կարծես ինձ անընդհատ ուղղեկցում է կյանքում և իմ ստեղծագործությունների մեջ։
English
Русский
