
Կոմպոզիտորի հուշերից.
«Ես ծնվել եմ երաժշտական ընտանիքում, որտեղ հայկական երաժշտությունը հնչում էր մշտապես: Մի խոշոր կոմպոզիտոր, լսելով իմ վաղ ստեղծագործություններից, ասաց, որ ինձնից կոմպոզիտոր չի ստացվի: Ավելի ուշ, այդ ստեղծագործությունները ներկայացրեցի երաժշտագետ Կոնստանտին Մելիք-Վրթանեսյանին, վերջինս ասաց. «Դու կդառնաս կոմպոզիտոր, որովհետև մեղեդի ստեղծել գիտես»: Եվ այդ օրվանից նա դարձավ իմ առաջին ուսուցիչը: Նա միջնորդեց, որ ես ընդունվեի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Երեք ամիս սովորելուց հետո զորակոչվեցի բանակ: Ուսումս ընդհատվեց. դա 1942 թվականն էր:
Երբ բանակից վերադարձա ու կրկին ցանկացա ընդունվել, ուսումնարանի տնօրենը փոխվել էր, ով, երբ իմացավ, որ ես ընդամենը երեք ամիս եմ սովորել, որոշեց, որ ավելի լավ է մեկի հետ խորհրդակցի: Ճակատագրի բերումով այդ տարիներին Երևանում էվակուացիայի մեջ էր գտնվում բոլորիս հայտնի Քրիստափոր Քուշնարյանը, ում հետ էլ խորհրդակցեց տնօրենը: Քուշնարյանն ասեց, որ կպատասխանի: Մի քանի օր հետո գնացի ուսումնարան և իմացա, որ վերականգնել են միանգամից երկու բաժնում՝ կոմպոզիտորական և խմբավարական»:
English
Русский
