2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ

2023 թվականը Հայաստանի կոմպոզիտորների միության համար դարձյալ բեղմնավոր էր: Ողջ տարվա ընթացքում արդեն ավանդական փառատոններից, մրցույթներից զատ, իրականացվեցին նոր փառատոններ, կազմակերպվեցին համերգներ, գիտաժողովներ, իրականացվեցին վերանորոգման աշխատանքներ: Այս ամենի մասին՝ ստորև:

2022 թվականի դեկտեմբերին մեկնարկած՝ ՀԿՄ վարչական շենքի ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները ավարտին հասցվեց 2023 թվականի հունվար ամսին: Փետրվարի 3-ին գործարկվեց համակարգը, ինչի շնորհիվ արդեն ջեռուցվում են ադմինիստրատիվ հատվածի (2-րդ հարկ) աշխատասենյակները, 2-րդ հարկի միջանցքն ու առաջին հարկում տեղակայված պահակակետը:

ՀԿՄ կայքի՝ դեռևս գործող հին տարբերակում գործարկվեց նոր էջ, որտեղ ներկայացվում են միջազգային մրցույթները՝ հայերեն թարգմանված տարբերակով:

Համերգային նախագծերը մեկնարկեցին մարտ ամսին՝ ԱՄՆ Փրովիդենս և Արլինգտոն քաղաքներում կայացած՝ Լևոն Չաուշյանին նվիրված հայ երաժշտության համերգներով: Նախագիծն իրականցվեց Հայաստանի կոմպոզիտորների միության, Ամարաս մշակութային դաշինքի և Սուրբ Սահակ և Մեսրոպ հայկական եկեղեցու մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Մարտ ամսին կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը, որի շրջանակներում տեղի ունեցավ 3 համերգ: Նախագիծն իրականանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ ջանքերով:

Ապրիլին փոխվեց ՀԿՄ համերգասրահի ջահերի, նախասրահի լուսավորությունը, շենքի մուտքի լուսավորման համակարգը: Համերգասրահի համար ձեռք բերվեց նոր լուսային համակարգ: Առաջին փուլով լուսավորվեցին համերգասրահի բեմի որմնազարդ սյուները: Նշենք, որ օգոստոս ամսին միության շենքն իր գոյության ընթացքում առաջին անգամ ունեցավ արտաքին լուսավորություն:

Ապրիլ ամսին Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ Այրարատյան Հայրապետական թեմի գործընկերությամբ հիմք դրվեց նոր՝ Երգչախմբային փառատոնի՝ նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզայի 170-ամյակին, որին մասնակցեցին շուրջ երկու տասնյակ երգչախմբեր: Փառատոնն իր տեսակով եզակի էր նաև նրանով, որ մասնակցեցին ինչպես արվեստի, երաժշտական, այնպես էլ հանրակրթական դպրոցներից երգչախմբեր: Փառատոնային երեք համերգները կայացան ապրիլի 28-ին, մայիսի 18-ին և հունիսի 15-ին:

Աննախադեպ էր նաև Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը, որն առաջին անգամ իրականացավ երկու քաղաքներում՝ Երևանում և Դիլիջանում: Ավելին, մասնակիցներն իրենց ծնողների և ուսուցիչների հետ երեք օր հանգրվանեցին Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը, ինչը պատանեկան-կոմպոզիտորական մրցույթների շրջանակներում իրականանում էր առաջին անգամ: Միրզոյանական մրցույթն իրականացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Մայիսին մեկնարկեց նաև միության՝ Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնը: Իր տեսակով միակ նախագիծն է, որը ներկայացնում է մեծ թվով հայ կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ: Ողջ փառատոնի ընթացքում կայացած 7 համերգի ընթացքում, որոնք իրականացան մայիս-հոկտեմբեր ամիսներին, հնչեց 43 հեղինակի 52 ստեղծագործություն, որոնցից 34-ը ներկայացվեց առաջին անգամ: Ավելին, առաջին անգամ փառատոնին հնչած ստեղծագործությունների  (պրեմիերաները) հեղինակները ստացան հոնորարներ, ինչը կարևոր ձեռքբերում էր անցնող տարում: Փառատոնը եզրափակվեց հոկտեմբերի 31-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ տեղի ունեցած համերգով: Ի դեպ, փառատոնային մեկ համերգ էլ տեղի էր ունեցել Դիլիջանում՝ կոմպոզիտորների ստեղծագործական տան Լ. Վ. Բեթհովենի անվան համերգասրահում, որտեղ ՀՀ Ազգային հերոս Հ. Չեքիջյանի գլխավորությամբ ելույթ էր ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը:

Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հետ համատեղ ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում կայացավ «Քրիստափոր Կարա-Մուրզայի գործունեության պատմական նշանակությունը» գիտական կոնֆերանս՝ նվիրված Քրիստափոր Կարա-Մուրզայի ծննդյան 170-ամյակին։

ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ նախաձեռնեց «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտական կոնֆերանսների շարքը, որի նպատակն էր բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում: Հունիսի 27-28-ին կայացած գիտական կոնֆերանսը նվիրված էր Քրիստափոր Քուշնարյանին, սեպտեմբերի 19-ին կայացած գիտական կոնֆերանսը՝ Գևորգ Գյոդակյանին:

Սեպտեմբերի 12-14-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Արամ Խաչատրյան – 120» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովը նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի համաֆինանսավորմամբ։ Գիտաժողովի աշխատանքներին մասնակցեցին 8 երկրի (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Լատվիա, Նիդերլանդներ, Շվեդիա, Լիբանան) միջազգային ճանաչում ունեցող առաջատար գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ:

Ողջ տարվա ընթացքում շարունակվեց ՀԿՄ 80 տարեկանից բարձր, ինչպես նաև սոցիալապես անապահով անդամների սոցիալական աջակցության ծրագիրը:

Մեծ պատասխանատվություն զգալով սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ՝ Հայաստանի կոմպոզիտորների միությունը միակն էր ստեղծագործական միությունների շրջանում, որը հրապարակայնորեն բարձրաձայնեց Արցախոշի շրջափակման մասին՝ բաց նամակ հղելով անգամ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահներին ստեղծված աղետալի իրավիճակի վերաբերյալ: Առաջին դեպքը չէր, երբ կոմպոզիտորների միությունն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնում արցախահայությանը: Ավելորդ չէ նշել, որ անցած երեք տարում իրականացվել են բազմաթիվ բարեգործական աջակցություններ ինչպես սննդի, այնպես էլ նոտաների առումով՝ դրանք ուղարկելով Արցախ կամ փոխանցելով Հայաստանում ապրող արցախահայությանը: Միությունը Հայաստանում գործող վերջին մշակութային կառույցն էր, որը բարեգործական համերգային շրջագայություն կազմակերպեց Արցախում՝ 2022 թ. հուլիսին, որի շրջանակներում համերգներ կազմակերպվեցին Աղավնոյում, Մարտունիում, Ճարտարում, Ստեփանակերտում:

Տարվա ընթացքում տեղի ունեցան նաև մասնաճյուղերի նիստեր, հանդիպումներ, այդ թվում՝ ներկայացվեցին հեղինակային-ստեղծագործական դիմանկարներ (Սիմոն Սարսգայն, Մարտուն Իսրայելյան):

Ցավոք, տարվա ընթացքում մեր կոմպոզիտորական ընտանիքն ունեցավ կորուստներ: Իրենց երկրային կյանքն ավարտեցին ՀԿՄ անդամներ Աշոտ Զոհրաբյանը, Սիմոն Հովհաննիսյանը, Դավիթ Սաքոյանը և Աննա Ազիզյանը:

Նշանավոր էր նաև ՀԿՄ անդամներ Ռոբերտ Ամիրխանյանի, Արմեն Բուդաղյանի, Կոնստանտին Պետրոսյանի, Արամ Սաթյանի, ինչպես նաև Լևոն Չաուշյանի անվան լսարանների բացումը Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջում, ինչը կարևորվում է հայ ժամանակակից նշանավոր գործիչներին՝ ևս մեկ առիթով մեծարելու, արժևորելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով