
2023 թ. նոյեմբերի 9-ին կայացավ ՀԿՄ Վարչության նիստը: Նախագահը նախ ներկայացրեց անցնող տարվա դրամական հոսքերը, արձանագրեց, որ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ՝ նախորդ 10 տարիների համեմատությամբ, ֆինանսական ամենաշատ մուտքն է եղել միություն, ինչի շորհիվ հնարավոր է եղել Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության շրջանակներում համաձայնեցված նախապես 3 համերգների փոխարեն իրականացնել 7-ը, ինչպես նաև շարունակվել է 80 տարեկանից բարձր և սոցիալապես անապահով ՀԿՄ՝ շուրջ 15 անդամի ամենամսյա ֆինանսական աջակցությունը, որն, ի դեպ, տրամադրվում է արդեն մեկ տարի: Քննարկվեց նաև ամենամսյա ֆինանսական աջակցություն ստացող, սակայն անդամավճար չվճարող ՀԿՄ անդամների հարցը, համաձայն որի՝ որոշում կայացվեց գրավոր ծանուցել, հիշեցնել տվյալ անդամներին տարեկան վարձավճարի մուծման համար, այլապես նշված անձանց անդամավճարները կպահվեն տրվող ֆինանսական աջակցությունից:
ՀԿՄ նախագահը ներկայացրեց Դիլիջանի համերգասրահի վերագործարկման և վերանորոգման հետ կապված ծրագիրը, նաև՝ միության նոր կայքն ու տարբերանշանի տարբերակները: Վարչության որոշմամբ՝ նոր, ավելի ժամանակակից կայքի գործարկմամբ շրջանառության մեջ կդրվի նաև ընտրված նոր տարբերանշանը, որն իրենից ներկայացնում է դեպի աջ և վեր ընթացող թեք հնգագիծ՝ Արարատ լեռան գծատարբերակով՝ կողքին գրված Հայաստանի կոմպոզիտորների միություն (անհրաժեշտության դեպքում՝ կարող է նշվել ռուսերեն և անգլերեն): Տարբերանշանը կներկայացվի նաև Ընդհանուր ժողովին:
Քննարկվեց նաև ՀԿՄ Կանոնադրության հարցը: Կայացվեց որոշում՝ կազմել աշխատանքային խումբ, որում ընդգրկված անդամները կաշխատեն Կանոնադրական փոփոխությունների վրա: Արդյունքը կներկայացվի Վարչությանը, ապա՝ Ընդհանուր ժողովին: Աշխատանքային խմբում ընդգրկվեցին ՀԿՄ նախագահ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, ՀԿՄ նախագահի խորհրդական, կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը, ՀԿՄ Համերգային-կազմակերպչական բաժնի ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը, ՀԿՄ Երիտասարդական մասնաճյուղի ղեկավար, երաժշտագետ Լիլիթ Արտեմյանը, ՀԿՄ «Հայ կոմպոզիտոր» ամսագրի պատասխանատու քարտուղար, երաժշտագետ Գոհար Շագոյանը, կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանը: Աշխատանքներին կմիանա նաև իրավաբան:
Նախապես հայտարարված՝ վարչության բաց քննարկման հատվածում տեղի ուենցավ Հայ ժամանակակից երաժշտության VII փառատոնի քննարկկումը: Ներկաներից շատերն իրենց գոհունակությունն արտահայտեցին փառատոնի կազմակերպչական հարցերի վերաբերյալ: Կարևորվեց նաև առաջին անգամ հեղինկաներին իրենց ստեղծագործությունների (պրեմիերաների, նոր խմբագրությունների) համար տրվող հոնորարների փաստը: Կոմպոզիտոր Աշոտ Բաբայանն էլ առաջարկեց համերգները դարձնել վճարովի՝ սահմանել տոմսային համակարգ:
Նիստին նաև ներկաները շնորհավորեցին միության նախագահ Արամ Սաթյանին՝ միության ղեկավարման 10-ամյակի կապակցությամբ:
Նիստին ներկա էին՝
Արամ Սաթյանը (Վարչության նախագահ)
Աննա Ասատրյանը
Աննա Գարսոյանը
Աշոտ Ղազարյանը
Ավետիս Բերբերյանը
Արփինե Կալինինան
Գոհար Շագոյանը
Էդգար Գյանջումյանը
Էդմոնդ Մակարյանը
Լիլիթ Արտեմյանը
Լիլիթ Երնջակյանը
Նարինե Զարիֆյանը
Ռուբեն Անտոնյանը
Ստեփան Բաբաթորոսյանը:
Նիստն արձանագրում էր Տիգրան Համբարյանը:
English
Русский
