
Հայկական Երաժշտական Համաժողովի ջանքերով վերջերս Երևանում հրատարակվել են կոմպոզիտոր Արփինե Կալինինայի՝ լարային քառյակի համար գրված «Ապրիլի 24» և «Սերենադ» ստեղծագործությունները՝ Պրինտոգրաֆ տպագրատանը:
«Ապրիլի 24» ստեղծագործությունը գրվել է Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ: Այն առաջին անգամ հնչել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում՝ բրիտանական “Artesian” լարային քառյակի կատարմամբ: Ստեղծագործության համար ոգեշնչման աղբյուր է դարձել հայոց նախաքրիստոնեական շրջանի «Վահագնի ծնունդը» գողթան երգը՝ որպես վերածննդի խորհրդանիշ:
«Սերենադ» ստեղծագործությունը գրվել է 2020 թ. Բարտոկի անվան (Հունգարիա) Կոմպոզիտորների Համաշխարհային մրցույթի համար: Ստեղծագործությունը մտել է մրցույթի եզրափակիչ փուլ, դասվել աշխարհի 59 երկրից ներկայացված 348 լարային կվարտետներից ընտրված լավագույն ութնյակի շարքը:
Արփինե Կալինինայի հրատարակված պարտիտուրի կազմին՝ Մարտիրոս Սարյանի «Լոտոս» -ն է (դրվագ), կազմի ձևավորողն է Արամ Ուռուտյանը, նոտաների խմբագիրը՝ Վահրամ Բաբայանը, կազմին՝ հեղինակի լուսանկարը ՝ Մարիա Վարտանովայի:
Հատկանշական է, որ Արփինե Կալինինայի վերոնշյալ ստեղծագործությունները հրատարակությունից առաջ կատարվել են Չինաստանի Շանհայ քաղաքում ժամանակակից երաժշտության համերգի շրջանակում: Համերգին, ինչպեսև Արփինեի ստեղծագործություններին, անդրադարձել է չինական ամենամեծ երաժշտական պարբերականը՝ Music Weekly-ն:
Ստեղծագործությունները հնչել են Գարնանային թռչուն նախագծի շրջանակում TRI第三空间 կամերային երաժշտության համերգասրահում՝ Նովուս-Կլասիկա կամերատայի մենակատարների կատարմամբ: Կամերատայի հիմնադիրը, դիրիժորն ու համերգի նախաձեռնողը չինացի երիտասարդ դիրիժոր Ծին ՅուԿուանգն է: Ստեղծագործությունների չինական պրեմիերան Արփինե Կալինինան նվիրել է իր Ուսուցչի՝ Լևոն Չաուշյանի հիշատակին, որի մասին նշված է համերգի ազդագրում:
English
Русский
