
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մարտի 16-ից ապրիլի 20-ը Երևանում կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից։
2023 թ․ փառատոնի ծրագրերը հագեցած են պրեմիերաներով։ Փառատոնի բացման համերգին` մարտի 16-ին, առաջին անգամ Հայաստանում կհնչի Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար։ Փառատոնի բացման համերգին կհնչի Ժիրայր Շահրիմանյանի Առաջին սիմֆոնիան, որը ստեղծվել է կոմպոզիտորի և նվագախմբի համագործակցության արդյունքում, և որը կոմպոզիտորը նվիրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։
Ապրիլի 17-ի համերգի ընթացքում կհնչեն Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, Դավիթ Սաքոյանի Պասակալիա և ֆուգա թիվ 2 ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի համար, ինչպես նաև Ջիվան Տեր-Թադևոսյանի 5-րդ սիմֆոնիան՝ «Պագանինի», որը նվիրված է Դմիտրի Շոստակովիչին։
Ապրիլի 20-ի համերգին երաժշտասերները կունկնդրեն Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և կամերային նվագախմբի համար, Տիգրան Մանսուրյանի Թավջութակի թիվ 1 կոնցերտը՝ նվիրված Դմիտրի Շոստակովիչի հիշատակին և հատվածներ Գրիգոր Եղիազարյանի «Սևան» բալետից։
Փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Լիլիթ Արտեմյանը, թավջութակահար Դավիթ Եժովը։ Փառատոնի փակման համերգին ելույթ կունենա անվանի թավջութակահար Լևոն Մուրադյանը, որի կատարմամբ կհնչի Տիգրան Մանսուրյանի Թավջութակի առաջին կոնցերտը և Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆիան» թավջութակի և նվագախմբի համար։
Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի համերգները կղեկավարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ինչպես նաև նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն և հանրահայտ Անտալ Դորատի դիրիժորների միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Ռեմի Դյուրուն:
English
Русский
