ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ. ԱՄՓՈՓՈՒՄ

2022 թվականը Հայաստանի կոմպոզիտորների միության համար հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով և նախագծերով: Տարին խորհրդանշական էր, քանի որ լրանում էր միության հիմնադրման 90-ամյակը, իսկ տարեվերջին պետք է կայանար նաև հերթական համագումարը:

2022 թվականի հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին փետրվարին՝ ՀԿՄ Երիտասարդական Ֆորումի ղեկավար Լիլիթ Արտեմյանի համակարգմամբ կայացող «12 հնչյուն» կրթական ծրագրով: Ողջ տարվա ընթացքում շուրջ մեկ տասնյակից ավելի երաժշտական և արվեստի դպրոցներում ներկայացվեցին երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները և XX դարի նոր կոմպոզիցիոն տեխնոլոգիաները:

Մարտ ամսին կայացավ Հայ կոմպոզիտորական արվեստի 13-րդ փառատոնը, որտեղ որպես գործընկեր, երկար ընդմիջումից հետո հանդես եկավ Հայաստանի կոմպոզիտորների միությունը, ինչի շնորհիվ փառատոնում ընդգրկվեց նաև ՀԿՄ Երիտասարդական Ֆորումի ներկայացուցիչ-կոմպոզիտորների ստեղծագործությունները: Առաջ ընկնելով նշենք, որ ավելի ուշ համագործակցության հուշագիր կնքվեց Հայաստանի կոմպոզիտորների միության և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև, որը միտված կլինի հայ կոմպոզիտորական արվեստի զարգացմանը:

Մայիսի 10-13-ն էլ կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ ամենամյա մրցույթը, որին իրավունք էին ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր, այդ թվում՝ Վրաստանից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Մայիսի 13-ին կայացած գալա համերգի ժամանակ Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեցին Ալեքս Գևորգյանը և Լյանա Ուլիխանյանը:

Սակայն մինչ մրցույթի մեկնարկը, վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ վերանորոգվեց միության համերգասրահը, իսկ Սարյանական պաննոն սկսեց փայլել իր բնական գույներով՝ որոշակի ռեստավրացիոն աշխատանքներից հետո: Վերանորոգումից ամիսներ առաջ էլ վերանորոգվել էր նաև դահլիճի նախասրահը:

Եվ ահա, նորովի գեղեցկացած համերգասրահում մայիսի 19-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկեց Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը: Առաջին անգամ մեր դահլիճը լուսավորվեց նոր և ժամանակակից լուսային տեխնիկայի օգնությամբ և նաև առաջին անգամ հայ ժամանակակից երաժշտության փառատոնային պատմության մեջ ընդգրկվեց մարզային նվագախումբ՝ Վանաձորի պետական կամերային նվագախմբը, որի, ինչպես նաև Երևանի պետական կամերային երգչախմբի երաժիշտների միասնական կատարմամբ և Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ»-ի հնչյունների ներքո էլ ազդարարվեց փառատոնի մեկնարկը:

Մայիսի 23-ին ՀՊՃՀ հետ համատեղ տեղի ունեցան հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված երաժշտագետ Մարգարիտ Բրուտյանի ծննդյան 100-ամյակին:

Ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվանն ընդառաջ մայիսի 30-ին միության համերգասրահում կայացավ հայ կոմպոզիտորների՝ երեխաների համար գրված ստեղծագործություններից կազմված համերգ, որին մասնակցեցին Երևանի մեկ տասնյակից ավել երաժշտական և արվեստի դպրոցների շնորհալի աշակերտներ. համերգը եզրափակվեց Արևիկ համույթի կատարմամբ:

Հունիսին կայացավ Հոբելյանական փառատոնի երկրորդ համերգը. «Պրեմիերաների երեկո» խորագիրը կրող համերգի ընթացքում ներկայացվեցին հայ ժամանակակից կոմպոզիտորների՝ առաջին անգամ հնչող սիմֆոնիկ 7 ստեղծագործություն՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան):

Դե իսկ հունիսի 23-ին Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների դափնեկիրների միասնական համերգը:

Հայաստանի կոմպոզիտորների միությունը մշտապես  կարևորել  է մարզերում համերգների անցկացումը, որի շրջանակներում հուլիս-օգոստոս ամիսներին էլ Սյունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցավ 7 համերգ: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ կայացած «Երաժշտություն հանուն խաղաղության և հույսի» խորագիրը կրող համերգի ձևաչափը կրում էր ինտերակտիվ բնույթ, իսկ հեղինակները հենց իրենք էին կատարում իրենց ստեղծագործությունները: ՀՀ սահմանապահ բնակավայրերում (Խնձորեսկ, Տեղ, Շինուհայր, Քարահունջ, ինչպես նաև Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի) կայացած համերգներից բացի, նախագիծը իրականացավ նաև Արցախում՝ Ստեփանակերտ, Մարտունի, Ճարտար քաղաքներում և Աղավնո գյուղում: Ցավոք, միության նախաձեռնությամբ կայացած համերգը գյուղը հարևան երկրի վերահսկողության տակ անցնելուց առաջ վերջին մեծ նախագիծը եղավ:

Սեպտեմբերին նախապես հայտարարված փառատոնի աշնանային հատվածի մեկնարկը հետձգվեց ՀՀ սահմանին ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների պատճառով. փառատոնի երկրորդ շրջանի առաջին համերգը կայացավ սեպտեմբերի 20-ին՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ, իսկ երկու օր անց՝ սեպտեմբերի 22-ին էլ կայացավ փառատոնի 4-րդ համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ:

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի հետ համատեղ Եվրոպական օրերը Հայաստանում նախաձեռնության շրջանակներում կայացավ երիտասարդ հայ կոմպոզիտոերների համերգ:

Հոկտեմբերի 4-ին և 8-ին միության համերգասրահում Հոբլեյանական փառատոնի շրջանակներում կայացավ երկու համերգ. նախ՝ հոկտեմբերի 4-ին ներկայացվեց հայ կոմպոզիտորների կամերային-նվագախմբային ստեղծագործություններ՝ Վանաձորի պետական կամերային նվագախմբի կատարմամբ, իսկ հոկտեմբերի 8-ին՝ կամերային ստեղծագործություններ:

Հոկտեմբերի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի մետրոպոլիտենի և Հայաստանի ազգային արխիվի հետ համատեղ բացվեց միության հիմնադրման 90-ամյակին նվիրված արխիվային նյութերի ցուցահադես, որը ներառում էր տեղեկատվություն միության ստեղծման, վարչական շենքի և Դիլիջանի Է. Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման մասին: Ցուցադրվել էին նաև պատմական արժեքավոր փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ և այլ հետաքրքիր նյութեր: Ցուցահանդես հանրության համար հասանելի էր շուրջ 2 ամիս:

Հոկտեմբերի 9-ին կայացավ միության 90-ամյա հոբելյանին նվիրված կոմպոզիտորական մրցույթի եզրափակիչ համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) մասնակցությամբ: Մրցույթն իր ձևաչափով տարբերվում էր նրանով, որ լավագույն հնգյակը ձևավորվեց ինչպես Ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի և նվագախմբի համատեղ որոշմամբ: Մրցույթի լավագույն եռյակը ձևավորվեց հետևյալ հաջորդականությամբ՝ Կարեն Անանյան, Էդուարդ Հայրապետյան, Ժիրայր Շահրիմանյան:

Դե իսկ հոբելյանական փառատոնը եզրափակվեց հոկտեմբերի 12-ին. Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարամամբ ներկայացվեցին Էդգար Հովհաննիսյանի, Ջոն Տեր-Թադևոսյանի, Արամ Սաթունցի, Ավետիս Բերբերյանի, Նարինե Զարիֆյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները: Համերագային երեկոյի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալներով պարգևատրվեցին Նարիեն Ավետիսյանը, Քնարիկ Փիլոսյանը, Գոհար Շագոյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Դավիթ Հալաջյանը, Ջեննի Ասատրյանը, Ավետիս Բերբերյանը: Հարկ է նշել, որ ողջ փառատոնի ընթացքում ի թիվս այլ ստեղծագործությունների, ներկայացվեց նաև թվով 25 պրեմիերա, փառատոնին մասնակցեցին Հայաստանի առաջար երաժշտական կոլեկտիվներն ու մենակատարները:

Հոկտեմբերի 15-ին միության համերգասրահում կայացավ Երգեհոնային երաժշտության փառատոնի հերթական համերգը՝ Հայաստանի կոմպոզիտորների միության գործընկերությամբ: Համերգին ելույթ ունեցավ ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր, երգեհոնահար Հովհաննես Մանուկյանը:

Հոկտեմբերի 30-ին կայացավ Հայաստանի կոմպոզիտորների միության XVI համագումարը, որին առաջադրվել էր միության նախագահի 3 թեկնածու. գործող նախագահ Արամ Սաթյանը, ինչպես նաև կոմպոզիտորներ Արամ Հովհաննիսյանը և Ավետիս Բերբերյանը: Վերջինս էլ համագումարի օրը ինքնաբացարկ հայտարարեց, իսկ երկու թեկնածուների միջև ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Արամ Սաթյան՝ 56 ձայն, Արամ Հովհաննիսյան՝ 30 ձայն։ Եվս 4 քվեաթերթիկ համարվեց անվավեր: Համագումարի օրը ընտրվեց նոր Վարչություն, իսկ վերընտրված նախագահի առաջարկով առաջին որոշումը կայացվեց հենց համագումարի օրը՝ արգելք դնելով Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տան վաճառքը, որի շնորհիվ ոչ միության նախագահը, ոչ Վարչությունը իրավունք չունի վաճառելու այն, եթե դրա օգտին չքվեարկեն միության 90 տոկոսից ավել անդամները:

Նոյեմբեր ամսից ՀԿՄ 18 անդամ միության նախագահ Արամ Սաթյանի առաջարկով և ՀԿՄ Վարչության հաստատմամբ սկսեցին ստանալ ամենամյա ֆինանսական աջակցություն. ցանկում ընդգրկվեցին 80 տարեկանից բարձր, ինչպես նաև սոցիալապես անապահով ՀԿՄ անդամներ:

Նոյեմբերի 28-ին հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի հետ համատեղ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ հոբելյանական համերգ, որը նվիված էր կոմպոզիտորներ Հարություն Դելլալյանի 85-ամյակին և Դավիթ Սաքոյանի 75-ամյակին:

Դեկտեմբերի 1-ին և 2-ին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նիստերի սրահում գումարվեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական XV նստաշրջանը, որը նվիրվեց Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին:

Դեկտեմբերին Հայաստանի կոմպոզիտորների միության վարչական շենքը 30 տարվա մեջ առաջին անգամ ունեցավ ջեռուցման համակարգ: Առաջին փուլը ներառեց շենքի ադմինիստրատիվ հատվածը (շենքի 2-րդ հարկի սենյակները, միջանցքը) և պահակակետը:

Դե իսկ Դիլիջանում վերանորոգվեցին ինչպես Հյուրատունը, այնպես էլ քոթեջների մեծ մասը:

… Դեռ ամեն ինչ առջևում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով