ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀՆՉԵՑԻՆ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Դեկտեմբերի 21-ին Նյու Յորքի Սբ․Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ։ Օրվա հանդիսավարն էր ամերիկահայ ճանաչված և վաստակաշատ երաժիշտ- խմբավար՝ Գրիգոր Պետիջյանը, ով իր խոսքում ներկայացրեց պատվավոր հյուրին. «Հայ երաժշտության պատմության մեջ մենք ունեցել ենք տարբեր գերդաստաններ, մեծ ընտանիքներ, որոնք սերունդներով երաժիշտներ են ունեցել և զարգացրել են հայ երաժշտությունը՝ Սփյուռքում թե Հայաստանում։ Այդ գերդաստաններից մեկն է Սաթյանների ընտանիքը։Այսօր մեր համերգի պատվավոր հյուրն է Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ, պրոֆեսոր Արամ Սաթյանը»։

Համերգային ծրագիրը բազմազան էր. տեղ էին գտել Ս. Ալեքսանյանի, Վ. Բաբայանի, Ա. Գարսոյանի, Ա. Ղազարյանի, Ա. Կոստանյանի, Է. Մակարյանի, Ռ. Մավիսակալյանի, Ս. Միքայելյանի, Կ. Պետրոսյանի, Է. Սադոյանի, Ա. Սաթյանի, Ս. Սուքիասյանի, Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները։

Ներկաները ջերմությամբ ընդունեցին Նունե Կարապետյանի (սոպրանո), Սարգիս Կարապետյանի (ջութակ) և Նունե Հակոբյանի(դաշնամուր) ելույթները։

Ներկաները ծափողջյուններով դիմավորեցին Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանին, ովն իր շնորհակալական խոսքում անդրադարձավ Սփյուռքում կատարվող համերգային ծրագրերին և շնորհաշատ երաժիշտների կատարողական բարձր արվեստին։ ”Հարգելով և սիրելով հայ երգարվեստը՝ պետք է սիրել նաև դասական երաժշտությունը ։ Շնորհիվ ճանաչված կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի և Հայաստանի Կոմպոզիտորների Միության, մենք կարողացանք տարբեր քաղաքներում կազմակերպել այսպիսի համերգներ։

Ա.Սաթյանն իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց Նյու Յորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու քահանա Մեսրոպ Լագիսյանին, ինչպես նաև Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միությանը, որոնք կազմակերպել էին այս գեղեցիկ երաժշտական երեկոն։

Համերգն ավարտվեց կոմպոզիտոր Ա.Սաթյանի «Ավե Մարիա» երգով, որը կատարեց Բոստոնի ճանաչված երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Նարինե Օջախյանը՝ հեղինակի նվագակցությամբ ։

ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նյու Յորք

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով