Հայաստանի Կոմպոիզտորների Միության հերթական արտասահմանյան նախագիծն իրականություն է: Արվում է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հայ երաժշտությունը շարունակաբար հնչի ոչ միայն մեր երկրում, այլև նրա սահմաններից դուրս: Ստեղծվում են միջոցներ, որպեսզի այդ արտասահմանյան համերգներին ներկա գտնվեն հենց անձամբ հայ հեղինակները: Այսպես, հոկտեմբերի 17-ին Պրոկոֆևի տուն-թանգարանում նախատեսված երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի պատասխան համերգին ներկա գտնվեց նաև հայկական պատվիրակությունը: Հարկ է նշել, որ ռուսական կողմի առաջարակով սկզբում պետք է հնչեին միմիայն լարային կվարտետներ, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ռուսական կողմը ստիպված եղավ հիմնովին փոխել ծրագիրն ու այն իրականացնել Պրոկոֆևի անվան թանգարանում:
Հայաստանից մեկնեցին ԿՄ Պատասխանատու քարտուղար Սվետլանա Ալեքսանյանը, ԿՄ Ինֆորմացիոն բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանը, Հայ-ռուսական այս նախագծի հեղինակ Յուրի Գալստյանը: Մոսկվայում միացան երիտասարդ կոմպոզիտոր Քաջիկ Գրիգորյանը, ինչպես նաև Անգլիայից ժամանած Դավիթ Սաթյանը: Հայկական պատիրակությունը հանգրվանեց “Արենա” հյուրանոցում: Հենց դեկտեմբերի 17-ի առավոտյան ժամանած պատվիրակությանը սպասվում էր բավական խիտ գրաֆիկ: Արդեն տեղական ժամանակով 12:00-ին նախատեսված էր փորձ: 3 ժամ անց “Կլոր սեղանի” հյուրերն էին մեր կոմպոզիտորները, որոնք պատասխանում էին լրագորների, երաժշտագետների ու հյուրերի հարցերին: Ավելին, այդ հանդիպմանը եկած ադրբեջանամետ հայ-ադրբեջանցին (հայրը հայ էր, մայրը՝ ադրբեջանցի), իր հարցերով ամեն անգամ փորձում էր ապացուցել, որ մեր կոմպոզիտորական դպրոցը շատ է կառչած հայկական ժողովրդականին, չի ինքնուրույնանում, փոխարեն դրա, մեր պատվիրակությունը սադրանքի չգնաց, ապացուցեց, որ երբ ժողովուրդն իր գենետիկայում ունի և զգում է իր ժողովրդականը, դա ամենևին էլ սխալ չէ: Եվ որ կոնկրետ մեր համար մեծ հպարտություն է, երբ ունկնդիրն հենց առաջին նոտաներից էլ զգում է, որ հեղինակը հայ է:
Կարճատև դադարից հետո սկսվեց համերգը, որը կայացավ Ժամանակակից երաժշտության “21-րդ դար” անսամբլի կատարմամբ: Համերգը ղեկավարում էր Ռուսաստանի Երիտասարդական թևի ղեկավար Յարոսլավ Սուձիլովսկին: Ի դեպ, վերջինս նույնպես հանդես եկավ որպես կատարող՝ մասնակցելով Էդմոնդ Մակարյանի “Խանգարվածը” ստեղծագործության կատարմանը (երկու թավջութակի և դաշնամուրի համար): Համերգին հնչեց նաև Վահրամ Սարգսյանի “Stabat Mater”-ը՝ ֆլեյտայի, կլարնետի, ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, Սվետլանա Ալեքսանյանի “Էլեգիա” եռամաս ստեղծագործության առաջին մասը՝ գրված ջութակի և դաշնամուրի համար, Դավիթ Սաթյանի “Tango a la Modern”-ը՝ ջութակի, ալտի, թավջութակի և դաշնամուրի համար, Դավիթ Պիվազյանի դաշնամուրային տրիոն, Դավիթ Բալասանյանի “Արաբեսկան” դաշնամուրի համար: Համերգին պետք է հնչեր նաև Քաջիկ Գրիգորյանի “Հավերժ շարժում” դաշնամուրային ստեղծագործությունը, սակայն տեխնիկական պատճառներով այն չկատարվեց: Փոխարեն դրա, նրա մեկ այլ ստեղծագործությունը ցուցադրվեց մեծ էկրաններին:
Հայկական պատվիրակությունը վերադարձավ հաջորդ օրը:
English
Русский
