ՏԵՐՏԵՐՅԱՆԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Դեկտեմբերի 11-ին Տերտերյանական երաժշտական տոնն  ավարտվեց. այն ավարտվեց զանգերի հնչեղ ղողանջների  “ներքո”: Ու  հենց Մաեստրոյի “հայկական” գույներով հարուստ  5-րդ սիմֆոնիայի ջութակների մարող ելևէջներն էլ ազդարարեցին 7 համերգային երեկոյից բաղկացած  Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի ավարտը: Փառատոնը, որը թվով 5-րդն էր, անց էր կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի ու Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ, ՀՀ Մշակույթի Նախարարության աջակցությամբ այս նախագծի ընթացքում հնչեցին Ավետ Տերտերյանի կյանքի տարբեր ժամանակահատվածներում ստեղծված ինչպես փոքրածավալ, այնպես էլ մեծածավալ գործեր, ռոմանսից մինչև սիմֆոնիա, դուետից մինչև օպերա. ահա Ավետ Տերտերյանն իր ամբողջ շքեղությամբ: Եվ ամենևին էլ պատահական չէր անգամ փոքր կտավի, ստեղծագործական վաղ տարիներին գրված ստեղծագործությունների ընտրությունը, քանի որ ինչպես Մաեստրոն է նշել իր զրույցներից մեկում, դրանք նույնպես գրվել են անկեղծությամբ, ուստի  դրանք ևս արժեքավոր են իր համար ու մնայուն:

Այս համերգը բացվեց Տերտերյանի 8 շեփորների կոչնակներով ու  դարձյալ հայկական գույներ.շեփոր, զուռնա,  հարվածայիններ…համերգի առաջաբանն իրոք տպավորիչ էր: Հետո հերթը “Հովեր” պետական կամերային երգչախմբինն էր (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան). ակապելլա խմբերգին հաջորդեցին արդեն իսկ սիմֆոնիկ պատկերներ. նվագախումբը միացավ “ձայների շքերթին”: Դե իսկ եզրափակիչն իր վրա պետք է վերցներ 36 տարի առաջ ստեղծված, ու Գերմանիայի Հալլե քաղաքում առաջին կատարման ժամանակ մեծ հաջողություն ունեցած թվով 5-րդ սիմֆոնիան: Քամանչայի մեծ վարպետ Հակոբ Խալաթյանն իր ազգային նվագարանով՝ քամանչայով , սիմֆոնիան դարձրեց  “Տերտերյանական-Հայկական”:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով