Eritasard.am կայքի հարցազրույցը Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանի հետ.
«Լինում են պահեր, երբ զգում ես, որ այնպես չես ծիծաղում, ուրախանում, ինչպես ջահել ժամանակ, եւ դա սարսափելի մի վիճակի է բերում. հասկանում ես, որ… արդեն շատ ժամանակ է անցել… Կուզեի մի անգամ էլ շատ լավ ծիծաղել…»:
Իմ քայլերն ուղղվեցին դեպի Հայաստանի կոմպոզիտորների միություն՝ այս անգամ էլ անցնելու համար Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի երիտասարդության հետքերով: Չնայած տեղ էի հասել գրեթե սահմանված ժամին, բայց պետք էր նրան երկար սպասել. Արամ Արամիչին, ինչպես դիմում էին նրան գործընկերները, սպասողները շատ էին… առօրյա աշխատանքային անցուդարձ, հանդիպումներ, զանգեր եւ վերջապես մեր հերթն է…Պետք է բացահայտել նրան երիտասարդության տեսանկյունից` նրա ճանապարհը, խոչընդոտները, հաղթանակները, երիտասարդ տարիների խենթությունները… Ինչը մղեց նրան դեպի կոմպոզիտորական արվեստ, եւ որն է նրա` դեպի նպատակը հասնելու հաջողության բանաձեւը, ինչ դաս է քաղել իր անցած ճանապարհից, որն է նրա խորհուրդը երիտասարդներին…
– Յուրաքանչյուր ստեղծագործ մարդու համար երիտասարդությունը ստեղծագործական կյանքի սկիզբն է՝ իր ընդվզումներով, ձգտումներով, նպատակներով, համարձակությամբ, կարծիքի ձեւավորմամբ, մոտեցումներով…
Արամ Սաթյանը ծնվել է այնպիսի ընտանիքում, որտեղ վաղուց արդեն կոմպոզիտորական արվեստն իր ուրույն տեղն ու դերն ուներ. որպես կոմպոզիտորներ մեծ ճանաչում ունեին նրա հայրը, հորեղբայրը: Անգամ փոքր տարիքում նրա խաղացած խաղերի մեծ մասը կոմպոզիտորներին նմանակելն է եղել… Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ ինքն էլ, ունենալով ստեղծագործական ջիղ, կարող էր ընտրել հենց այդ ուղին` հասկանալով նաեւ կոմպոզիտոր լինելու ծանրությունն ու դժվարությունը:
– Երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ այն, ինչ ունեմ, իմ աշխատանքի շնորհիվ է: Եղել են դեպքեր, որ օրեր եմ անցկացրել դաշնամուրի առաջ` հետո չկարողանալով անգամ վեր կենալ: Կոմպոզիտորի աշխատանքը ծանր է, էներգատար: Կոմպոզիտորի գլուխն անընդհատ աշխատում է:
Մարդու աշխարհայացքի, կարծիքի ձեւավորման, ժամանակի մեջ իր տեղը գտնելու հարցում ընտանիքը մեծ դեր եւ նշանակություն ունի: Նրանց ընտանիքում մի հասկացություն կար, որով բոլորն առաջնորդվում էին կյանքում` նվիրում այն գործին, ինչն անում ես…
– Եթե ստեղծագործող մարդը ամբիցիա չունի, դա վատ է, բայց երբ այն սկսում է խեղդել, չի համընկնում իրականության հետ, արդեն սարսափելի է: Մարդը պետք է հասկանա իր տեղը կատարվող գործընթացների մեջ, համեմատի իրեն ավելի տաղանդավորների հետ եւ իրավիճակը ճիշտ գնահատելով՝ առաջ գնա…
Արամ Սաթյանն այն կոմպոզիտորներից է, ում ստեղծագործական կյանքի սկիզբը համընկավ այն ժամանակների հետ, երբ նոր երաժշտությունը կռիվ էր տալիս հնի հետ: Նոր երաժշտությունը ոչ բոլորն էին ընդունում…
– Երբ ավարտեցի կոնսերվատորիան, նոր երաժշտությամբ շատ քիչ մարդիկ էին զբաղվում, մի քանի հոգի կային, որ նոր երաժշտություն էին գրում: Ես չէի պատկերացնում, որ, օրինակ, կարող է՝ էստրադային երգ գրեմ: Երբ իրականության հետ ես շփվում, տեսնում ես, որ այն ոչ միշտ է համապատասխանում քո պատկերացումներին: Երբ նոր բան ես անում, պետք է հնարավորություն ունենալ նաեւ միքսելու հնի եւ նորի մոտեցումները:
Իր ունեցած այդ մոտեցումներով, նոր երաժշտության հանդեպ սիրով էլ Մոսկվայում ասպիրանտուրա է ընդունվում: Մոսկվայի` այն ժամանակվա կոմպոզիտորների միության նախագահը՝ տեսնելով, որ Արամ Սաթյանն ավելի շատ սեր ունի դեպի նոր երաժշտությունը, հանդիմանում է նրան, զարմանում` ում կողմն է գցել. նրա հայրը, հորեղբայրը երաժշտության մեջ այլ մոտեցումներ ունեին:
– Ասում էր ինձ` ում ես քաշել, ա՜խր, հորեղբայրդ այդպես մեղեդային է գրել: Հայաստանում էլ մի քանի հոգի կային, որ արդիական, ավելի նոր երաժշտություն էին գրում: Շատ վիրավորվեցի, իմ մեջ նաեւ անհանդուրժողականություն կար, թողեցի ասպիրանտուրան եւ եկա Երեւան:
Հայրս, տեսնելով ինձ, զարմացավ, պատմեցի նրան այն, ինչ եղել էր: Ասաց` ինչի դու երգ չես կարող գրել… Սկսեցի գրել, հետաքրքիր բան ստացվեց. չորս երգ գրեցի, որոնք առանձին ներկայացրի մրցանակաբաշխությունների: 4 մրցանակաբաշխություններն էլ ինձ 2-րդ տեղը տվեցին:
Զարմացա՝ ինչու երկրորդ եւ ոչ առաջին: Մտահոգություններս հայտնեցի Առնո Բաբաջանյանին, երբ նա իմացավ՝ ինչ մրցույթների եմ մասնակցել, որտեղ պետք է գովերգվեին սովետական հատկանիշներ` կուսակցություն, կոմսոմոլ եւ այլն, իսկ ես սիրո մասին էի երգել… Առնո Բաբաջանյանն ասաց` գիտես՝ ինչ պատիվ է, որ սիրո մասին ես երգել եւ զբաղեցրել 2-րդ տեղը:
Դեռեւս ուսանողական տարիներից եղել է սկզբունքային` չնեղացնելով դիմացինին…
– Ամեն մեկն ունի իր կարծիքը, եւ քոնը չպետք է պարտադրես. պարտադրում են այն մարդիկ, ովքեր իրենց վերապահում են դատավորի դեր խաղալ: Դատավորը ժամանակն է: Եվ երբեք ոչ ոք չի կարող ասել, ինչը կմնա, ինչը` ոչ: Կոմպոզիտորը իրականում սկսվում է այն ժամանակ, երբ ինքը չկա: Եթե կմնա նրա գրած երաժշտությունը, ուրեմն լավ կոմպոզիտոր էր: Մենք շատ կոմպոզիտորներ գիտենք, ովքեր մահից հետո հանկարծակի կորչում են, կան կոմպոզիտորներ էլ, ովքեր համեստ, իրենց կյանքով ապրում են եւ մահից հետո էլ իրենց ստեղծագործություններով հավերժ ապրում են պատմության մեջ: Հիմա մենք ասում ենք Մոցարտ եւ ոչ թե Սալիերի:
Արամ Սաթյանը երիտասարդ տարիներից, ամենակարեւորը, ձգտել է չկեղծել ինքն իրեն…
– Ստեղծագործելիս արվեստագետն իրավունք չունի կեղծելու. կեղծել նշանակում է ոչինչ չանել: Մի անգամ եմ կեղծել: Մի երգ էի գրում եւ ուզում էի, որ ժողովուրդն այն ընդունի, սիրի: Ստացվեց, որ ոչ ժողովրդին դուր եկավ եւ ոչ էլ ինձ: Դաս եղավ, որ էլ այդպիսի կեղծիքներ չանեմ… Արվեստագետը պետք է սուսուփուս իր գործն անի` հավատալով նրան, ինչ անում է. եթե արվեստագետը չի հավատում նրան, ինչ անում է, ապա ոչ ոք չի հավատա: Հենց կեղծեցիր ինքդ քեզ, այն անմիջապես կզգան հանդիսատեսը, շրջապատը:
Նրա համար մուսա-երգ գրել հարաբերություն գոյություն չունի. երգն ինքն է գալիս…
– Երգը կարող է ծնվել փողոցում, տանը, ամեն տեղ: Մեղեդին Աստված է տալիս: Կարծում եմ, որ ես երգ երբեք չեմ գրել, այլ երաժշտությունն ինձ Աստծու կողմից է տրվել: Յուրաքանչյուր ստեղծագործություն Աստծու կողմից է տրված: Նա մեր միջով է անցկացնում այն, ինչ որ կա:
Արվեստագետը պետք է ներքուստ միշտ լինի երիտասարդ, զգա ժամանակը, ժամանակի հետ ապրի…
– Կան երիտասարդներ, ովքեր ինձանից ավելի ծեր են իրենց մտածողությամբ, վերաբերմունքով: Կան շատ երիտասարդներ, ովքեր միայն ուզում են դուր գալ… Ինչի ես ուզում դուր գալ, դու երիտասարդ ես, գործ արա´, գժություն արա´, երիտասարդը պետք է միշտ երիտասարդ լինի: Մի մրցույթի ժամանակ դաշնամուրի լարերի վրա եմ նվագել, երբ մեզանից պահանջվում էր որեւէ իմպրովիզացիա անել: Պետք է համարձակ լինել եւ երբեք չուզենալ դուր գալ, դա ամենասարսափելի բանն է: Երբ տարիներ են անցնում, այն, ինչ որ դու երիտասարդ ժամանակ ես արել, էտալոն է դառնում:
Շատ անգամ է իր ուսանողներին խորհուրդ տալիս, որ համեմատվեն ոչ թե միմյանց, այլ մեծերի հետ…
– Եթե ուզում ես համեմատվել, ապա համեմատվի´ր Արամ Խաչատրյանի, Բեթհովենի հետ: Այդպիսի համեմատությունը շատ ավելին անելու, բարձրանալու մեծ հնարավորություններ կտա:
Յուրաքանչյուր երիտասարդ պետք է խենթ լինի, իմ մեջ մինչեւ հիմա էլ այդ խենթությունը կա… Ամեն ինչի մեջ էլ լավ բան է խենթ լինելը: Երբ մեծանում ես, փորձում ես ավելի ծանրակշիռ լինել, մտածում ես` այդ խենթությունն արդեն կընդունվի, թե` ոչ…
Արամ Սաթյանն ասում է, որ եթե չդառնար կոմպոզիտոր, կդառնար մաթեմատիկոս, նկարիչ կամ ինչ-որ բաներ կհնարեր, այնպիսի տեխնիկա կստեղծեր, որով կարելի էր թռչել… Հրաչուհի Ալմաստյան
English
Русский
