Մեր ժամանակների հանճարեղ հայ կոմպոզիտորներից Էդուարդ Հայրապետյանն այս տարի նշում է իր ծննդյան 65-ամյակը: Ու հենց այդ հոբելյանական առիթով էլ Տերտերյան-ֆեստ փառատոնի շրջանակներում կայացող համերգներից մեկն էլ նվիրվեց կոմպոզիտորին: ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո, Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախբի ու Հայաստանի Կոմպոզիտորների Միության կողմից կազմակերպված այս փառատոնի 5-րդ համերգը անցկացվեց Արամ Խաչատրյանի անունը կրող մեծ համերգասրահում՝ նոյեմբերի 12ին:
Համերգի առաջին բաժնում հնչեց հեղինակի “Բարի գալուստ” ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար, ինչպես նաև Ալտի թիվ 3-րդ կոնցերտը: Այս երկու ստեղծագործություններն էլ հնչում էին առաջին անգամ: Ի դեպ, առաջին ստեղծագործությունը գրվել է հեղինակի կողմից հենց այս հոբելյանական երեկոյի համար, իսկ ահա երկրորդ ստեղծագործությունը՝ Ալտի կոնցերտը, նվիրված էր կոնցերտի մենակատարին՝ Մաքսիմ Նովիկովին:
Համերգի երկրորդ բաժնում հնչած “Հուր-Հուր մեծ թիթեռը” սիմֆոնիան հեղինակի այս ժանրի ստեղծագործություններից թվով 3-րդն էր, որը գրվել էր 2000 թվականին: Սիմֆոնիան, որը բաղկացած էր 12 ենթամասերից, գրվել է Մերուժան Սիմոնյանի “Հուր-հուր մեծ թիթեռի պատմությունը” պատումի հիման վրա:
Ողջ երեկոյի ընթացքում բեմում էր Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:
Այս փառատոնի վերջին երկու համերգները կկայանան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին և 11-ին: Դեկտեմբերի 8-ին կներկայացվի Տերտերյանի “Երկրաշարժ” օպերան, իսկ դեկտեմբերի 12-ին հեղինակի սիմֆոնիկ և երգչախմբային անտիպ ստեղծագործություններից:
English
Русский
