ՓԱՌԱՏՈՆ, ՈՐԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՄՆԱ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը կազմակերպել էր աննախադեպ դասական տոն: Փառատոն, որը միավորել էր հայ երաժշտարվեստի առաջատար կոլեկտիվների, մենակատարների ինչպես Հայաստանից, այնպես էլ Չինաստանից, Շվեյցարիայից, Իսրայելից: Փառատոն, որի 4 օրերի ընթացքում կայացան 5 համերգ. 2 սիմֆոնիկ և 3 կամերային: Սա մի նախագիծ էր, որը նպատակ ուներ ներկայացնելու հայ ժամանակակից երաժշտությունն իր ողջ հմայքով: Ի սզբանե նպատակ դնելով պրոպագանդել հայ երաժշտությունը՝ Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը ձգտեց կազմել այնպիսի ծրագիր, որն իր տեսակով ու ձևով, ստեղծագործությունների ընտրությամբ ու ժանրային տարբերությամբ կարողանար բավարարել ամենատարբեր երաժշտական հայացքներ ունեցող երաժշտասերին:

Եվ ահա, նոյեմբերի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ այս Փառատոնի եզրափակից համերգը. համերգ, որին ներկա էին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ Մշակույթի Նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ-ում  դեսպանատների ներկայացուցիչներ և ի վերջո,  հայ երաժշտության նվիրյալներ: Համեգի մեկնարկին հնչեց Արթուր Ահարոնյանի “Ջոնաթանի Բալլադը” սիմֆոնիկ-խորեոգրաֆիկ պոեմը՝ ըստ Ռիչարդ Բախի “Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը” վիպակի: Այս ստեղծագործությունը, որի կատարումը մեծ տպավորություն թողեց ունկնդրի վրա, Ֆրանսիայում կայացած կոմպոզիտորական մրցույթում 2004 թվականին արժանացել է  I մրցանակի:

Հաջորդիվ հնչեց Կոնստանտին Պետրոսյանի “Վոկալիզը” թավջութակի և նվագախմբի համար (մենակատար՝  ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ՝ Արամ Թալալյան): Այս կազմով “Վոկալիզը” կատարվում էր առաջին անգամ:  Ի սկզբանե  ստեղծագործությունը գրված է եղել  ձայնի, երգչախմբի և նվագախմբի համար:

Համերգի առաջին բաժնի ավարտին հնչեցին Էդուարդ Սադոյանի “Նարեկացի ձայն առ Աստված” բալետից հատվածներ՝ Գայանե Գեղամյանի մենակատարմամբ ու Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախմբի ձայնակցությամբ: Այս բալետում նկարագրվում է Նարեկացու հրաժարումը աշխարհիկ կյանքից և իր նվիրումը Աստծուն ծառայելուն:

Համերգի երկրորդ բաժնում հնչեց Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանի “Համլետ” սիմֆոնիկ պոեմը, որը գրվել է Շեքսպիրի համանուն ողբերգության մոտիվներով, այդ իսկ պատճառով այն իր մեջ կրում էր վառ արտահայտված ծրագրայնության գծեր:

Փառատոնը եզրափակվեց արտասահմանից հրավիրված ջութակահար Բորիս Լիվշիցի (Շվեյցարիա) և դաշնակահարուհի Ռեն Դժեայի (Չինաստան) փայլուն կատարմամբ, որոնք նվագախմբի հետ կատարեցին Միայիլ Կոկժաևի Կրկնակի կոնցերտը ջութակի, դաշնամուրի և նվագախմբի համար: Այս ստեղծագործության ստեղծման ներշնչանք է եղել Մարկ Շագալի “Ադամը և Եվան” կտավը:

Հավելենք միայն, որ ողջ երեկոյի ընթացքում բեմում էր Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Ահա և վերջ: Թվով 40 հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները (ներառյալ Կոսնսերվատորիայի շուրջ 12 երիտասարդ կոմպոզիտորների) հնչեցին համերգային 4 օրերի ընթացքում ու հանդիսատեսին պարգևեցին գեղեցիկ ու գունեղ երաժշտական երեկոներ…

Ավարտվեց Հայ Ժամանակակից երաժշտության տոնը, որը դեռ երկար կմնա ժամանակի հիշողության մեջ: Փառատոնի ողջ ֆոտոշարքն՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով