Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի երրորդ համերգային օրը բավական “գունեղ” ստացվեց: Եթե առաջին համերգային օրը սիմֆոնիկ նվագախմբային գույներով էր ներկված, երկրորդ օրը՝ նախ ուսանողական համերգին վոկալ-դաշնամուր ևս մեկ-երկու գործիք, իսկ երեկոյան կամերային նվագախումբ, ապա երրորդ համերգային օրը Փառատոնն իր ունկնդրի համար պատրաստել էր հաճելի “գունագեղ” երեկո: Տաղանդավոր Զոհրաբ Փարեմուզյանն իր գեղեցիկ դաշնամուրային շարքով բացեց երրորդ համերգային օրը: Դաշնամուրի հնչյուններին այնուհետև եկան հաջորդելու բեմի “հսկայի”՝ երգեհոնի հնչյունները: Դավիթ Գիլանյանի Praeludium ստեղծագործությունը, որը գրվել էր հյուսիս-գերմանական ոճով, հնչում էր առաջին անգամ (մենակատար՝ Աննա Բակունց): Հետո հերթը փողային կվարտետինն ու ձայնինն էր. Անահիտ Կոստանյանի հեղինակած 3 երգը Միսաք Մեծարենցի խոսքերով հնչեց Լուսինե Մակարյանի մենակատարմամբ ու Վարդուհի Մինասյանի խմբավարությամբ: ՀՀ Վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցից էլ այդ երեկո հնչեց “Սիմֆո-վալսը”՝ դաշնամուրի համար, որը կատարեց Տաթևիկ Մարտիրոսյանը: Դաշնամուր, երգեհոն, ձայն-փողային կվարտետ ու էլի դաշնամուր.սրանց եկավ հաջորդելու “դասական” կվարտետը՝ լարայինները, որոնք կատարեցին Նաիրա Դիվանյանի եռամաս Լարային կվարտետ No 2-ը: Առաջին բաժնի վերջին ստեղծագործությունն էլ իր կազմով օրիգինալ էր: Հայտնի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի որդին՝ Գևորգ Հովհաննիսյանը, ով լինելով Հայաստանի Կմոպոզիտորների Միության անդամ, անդամ է նաև Գերմանիայի Կոմպոզիտորների Միության, այս երեկո ներկաներին “ցուցադրեց” իր “Էսքիզային կոնտրաստներ” ստեղծագործությունը ֆլեյտայի, տիմպանիի, վիբրաֆոնի,. բոնգի ու թավջութակի համար:
Համերգի երկրորդ բաժնում բեմում սկսեց “իշխել” Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Նախ, Շուշանիկ Իսկանդարյանի ու Սոֆա Ազնաուրյանի ստեղծագործությունները հնչեցին կանանց երգչախմբով, որից հետո երգչախումբը “լրացվեց” տղամարդկանցով ու երեկոյին մասնակից մյուս հեղինակների ՝ Արեգ Լուսինայնի, Դավիթ Բալասանյանի ու Ստեփան Բաբաթորոսյանի ստեղծագործությունները հնչեցին արդեն երգչախմբի ամբողջական կազմով: Երեկոյի եզրափակիչ ակկորդն էլ կայացավ Ստեփան Շաքարյանի “Քրիստոսի ծնունդը” երգչախմբային ստեղծագործության կատարմամբ: Հնգամաս այս գործով ու բարձր ծափողջույններով էլ ավարտվեց համերգային երրորդ օրը:
Մոտենում է ավարտին Հայ Ժամանակակից Երաժշտության Փառատոնը: Վաղը՝ նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի համերգասրահում կկայանա փառատոնի վերջին համերգը: Ծրագրում կհնչեն հայ ժամանակակիցների դարձյալ սիմֆոնիկ ստեղծագործությունները: Իսկ բեմում կլինի Հայաստանի Պետական Սրիտասարդական Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիոժոր ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Ամբողջական ֆոտոշարքն՝ այստեղ:
English
Русский
