ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՕՐ. ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Դեռ համերգային երկրորդ օրն է, բայց արդեն կայացել է երեք համերգ: Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկած Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի առաջին համերգին եկան հաջորդելու նախ ուսանողական համերգը, որը կայացավ Կոմպոզիտորների Միության դահլիճում, ապա երեկոյան, Կամերային երաժշտության տանը հնչեցին թվով 6 հայ  կոմպոզիտորների կամերային ստեղծագործություններից: Լարայինների և դաշնամուրի համար գրված “Արևածագ” ստեղծագործությունով (հեղ.՝ Ջեննի Ասատրյան ) էլ մեկնարկեց  համերգը:  Այս միամասանի երկում համատեղված են բարդ եռամասանի և  վարիացիոն ձևերը: Ըստ Նազենիկ Սարգսյանի, ուշադրության է արժանի հատկապես դաշնամուր և լարային նվագախումբ հարաբերակցությունը: Ապա հնչեցին Սվետլանա Ալեքսանյանի “Խորալ մեդիատացիան”՝ նվիրված Ղազարոս Սարյանի հիշատակին (լարային նվագախմբի համար) և Նարինե Զարիֆյանի Կոնցերտ-Էլեգիան՝ ակուստիկ կիթառի և կամերային նվագախմբի համար. մենակատար՝ ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիճ ՝ Հակոբ Ջաղացպանյան: “Խորալ-Մեդիտացիան” պատկանում է էպիտաֆիայի ժանրին: Խուսափելով մեջբերումներից, այս միամաս կոմպոզիցիայի հեղինակը պահպանում է ասոցիատիվ կապը Սարյանի՝ վեհ մտքեր ծնող երաժշտության հոգևոր մթնոլորտի հետ: Իսկ ահա Նարինե Զարիֆյանի ստեղծագործությունը գրված է կոնցերտի ժանրում: Այստեղ հեղինակը, ինչպես և իր  մի շարք գործերում, հետամուտ է սիմֆոջազային երաժշտության ավանդույթներին: Ի դեպ, ստեղծագործությունը վերախմբագրվել է 2013 թվականին: Այս համերգի առաջին բաժնի ավարտին էլ հնչեց Վարդ Մանուկյանի “Խոստովանություն” կոչվող սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և տամ-տամի համար: Ստեղծագործության պրեմիերան կայացել է 2011 թվականին՝ Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի կատարմամբ: Հեղինակի խոսքով, ստեղծագործությունը ի սկզբանե մտահաղացել է որպես հիշատակ Հայոց Մեծ Եղեռնին:

Երկրորդ բաժինը սկսվեց Էդուարդ Հայրապետյանի Կամերային երաժշտությամբ, որը գրվել է 2012 թ.

– Ստեղծագործությունը զարմանալի է իր սկզբնական անկեղծությամբ, ինչը ներկայանում է որպես Հայրապետյանի երաժշտության մտածողության հիմնարար բաղադրիչներից մեկը, -այսպես է մեկնաբանել այս ստեղծագործությունը երաժշտագետ Մարգարիտ Ռուխիկյանը:

Իսկ ահա համերգը եզրափակվեց Տիգրան Մանսուրյանի “Զուգահեռ երգեր” վոկալ շարքով, որի սկզբնական տարբերակը գրված է եղել դաշնամուրի և ձայնի համար: Այս երեկոյի ընթացքում հնչեց Մաեստրոյի այս նույն ստեղծագործությունը՝ միայն թե լարայիններով լրացուցիչ համեմված: Հետաքրքրական է, որ այս ստեղծագործության մեջ ձուլված են չորս հեղինակների ՝ Բաղդասար Դպիրի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի և Վահան Տերյանի երկուական բանաստեղություններ: Հավելենք միայն, որ ողջ երեկոյի ընթացքում բեմում էր Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան: Նվագախումբը ղեկավարեց Ռուբեն Ասատրյանը:

Հաջորդ համերգը կկայանա դարձյալ Կամերային Երաժշտության տանը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է:

Փառատոնի ողջ Ֆոտոշարքն՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով