ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը, որն իրականանում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի առաջին համերգը  մեկնարկեց Ստեփան Սուքիասյանի Կամերային սիմֆոնիայի հնչյունների ներքո: Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի կատարմամբ ու Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ այս համերգային օրվա առաջին բաժնում հնչեց նաև Իրինա Խաչատրյանի “Երաժշտությունը” սիմֆոնիկ նվագախմբի համար և Նուբար Ասլանյանի Կոնցերտը՝ գրված տռրոմբոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար: Ի դեպ, վերջին ստեղծագործության մենակատարն էր Դենիս Վուլլը ՝ Իսրայելից:

Ստեփան Սուքիասյանի կամերային սիմֆոնիան, ըստ հեղինակի, անձի հոգեկան նուրբ ապրումների արտացուլումն է, իսկ ահա Իրինա Խաչատրյանի ստեղծագործությունը, որը գրվել էր  2002 թվականին, ըստ երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի, առավել պատկերային է, և շնորհիվ գործիքային խմբերի զանազան համադրումների, իր զարգացման գագաթնակետին է հասնում նվագախմբային գույների աստիճանաբար միախառնումով, բայց և դրան հակակշիռ՝ զատումի գեղանկարչական հնարքով: Այս ստեղծագործությունը, որը կատարվել էր առաջին անգամ 11 տարի առաջ, հանդիսականների մոտ բացառիկ լավ տպավորություն թողեց:

Նուբար Ասլանյանի ստեղծագործությունն էլ ծրագրային էր: Այն մեկ մասանի է և ընդգրկում էր երկու ավարտուն մասեր: Կոմպոզիտորն իր ստեղծագործությունում օգտագործել էր ֆիդայական երգերի մոտիվներ ու հայտնի “Կռունկը”: “Հայկական երանգներով համեմված” ստեղծագործությամբ էլ ավարտվեց համերգի առաջին բաժինը:

Ընդմիջումից հետո “խոսքը” Վահրամ Բաբայանինն էր: Հանճարեղ 8-րդ սիմֆոնիան, որը կատարվում էր երկրորդ անգամ, հայ սիմֆոնիկ երաժշտության իսկական գլուխգործոցներից է: 5 մասանի այս ստեղծագործությունն իր   գունային թարմությամբ ու կուռ կառուցվացքով կարողացավ 50 րոպե շարունակ համակ ուաշդրությամբ պահել հանդիսատեսին: Իսկ արդյունքն էլ վերջիններիս կողմից հեղինակին ծափողջույններով երկրորդ անգամ բեմ կանչելն էր:

Փառատոնի երկրորդ համերգային օրը կկայանա նոյեմբերի 1-ին, Կամերային երաժշտության տանը ժամը՝ 19:00-ին: Ծրագրում կհնչեն Ջեննի Ասատրյանի, Սվետլանա Ալեքսանայնաի, Նարինե Զարիֆյանի, Վարդ Մանուկյանի, Էդուարդ Հայրապետյանի ու Տիգրան Մանսուրյանի կամերային ստեղծագործություններից: Իսկ մինչ այդ, ժամը 14:00-ին Կոմպոզիտորների Միության դահլիճում կկայանա Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիայի Ստեղծագործական բաժնի ուսանողների համերգը:

Ֆոտոշարքն՝ այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով