“ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՍԻՄՖՈՆԻԱՆԵՐ” ՈՒ ԴԵՊԻ ՄԵԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ

Արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որն մեն տարի նվիրված է լինում մեր հեղինակավոր կոմպոզիտորներից մեկին:  Այս տարի այն կրում է ՏԵՐՏԵՐՅԱՆ-ՖԵՍՏ անունն ու նվիրված է մեծանուն կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին: “Ճանապարհ դեպի սիմֆոնիաներ”. ահա այսպիսի խորագիր էր կրում Հայաստանի Կոմպոզիտորների Միության ու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի համատեղ ջանքերով կազմակերպված փառատոնի առաջին համերգը, որը կայացավ Կամերային երաժշտության տանը` հոկտեմբերի 13-ին: Հեղինակի վոկալ-կամերային գործերի կատարման հետ մեկտեղ  (“Ամեն գիշեր իմ պարտեզում” /խոսք. Ավ. Իսահակյանի/, “Ոսկե դաշտում” /խոսք՝ Հ. Շիրազի, ռուս. թարգ.՝ Թ. Սպենդիարովայի/, “Գետակի վրա”/ խոսք՝ Ավ. Իսահակյանի/, “Սոխակն ու վարդը” /խոսք՝ Ա. Պուշկինի/ և այլն) մեծ էկրանին ցուցադրվում էր հեղինակի սիմֆոնիաներից հատվածներ: Այդ երեկո համերգին մասնակցեցին Արմինե Խաչատրյանը /սոպրանո/, Լուիզա Երեմյանը /սոպրանո/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Էլեն Կիրակոսյանը /դաշնամուր/, ինչպես նաև երաժշտագետ Նարինե Ավետիսյանը:

Նշենք, որ փառատոնի հաջորդ համերգը կկայանա հոկտեմբերի 28-ին՝ կրկին Կամերային երաժշտության տանը: Այն կնվիրվի երաժշտագետ Արաքսի Սարյանի հիշատակին: Այդ երեկո տեղի կուեննան Ավետ Տերտերյանի կամերային անտիպ ստեղծագործությունների համաշխարհային պրեմիերաներ: Մասնավորապես, դուետ թավջութակի և ֆագոտի համար, պիես թավջութակի և դաշնամուրի համար, սոնատ թավջութակի և դաշնամուրի համար:

Համերգի երկրորդ բաժնում կհնչեն Ղազարոս Սարյանի կամերային ստեղծագործություններից:

Հավելենք միայն, որ այս փառատոնը ներառում է 7 համերգ, որոնցից վերջին 5-ը կկայանան նոյեմբերի 7-ին, 10-ին, 12-ին և դեկտեմբրի 8-ին ու 11-ին:

Ի դեպ, փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով