Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, որը նվիրված է Ավետ Տերտերյանի 85-ամյակին: Հայաստանի Կոմպոզիտորների Միության և Երիտասարդական Նվագախմբի համատեղ ջանքերով կազմակերպվող այս փառատոնի առաջին համերգը կկայանա Կամերային երաժշտության տանը: Համերգից առաջ Միության Նախագահ Արամ Սաթյանը, ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն այսօր համատեղ մամուլի ասուլիս են տվել, որին էլ անդրադարձել է Irates.am կայքը: Ստորև ներկայացնում ենք այդ կայքի անդրադարձը:
…Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու են հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: «Այսօր կամերային երաժշտության տանը հնչելու են Ավետ Տերտերյանի անտիպ ստեղծագործությունները, որոնք մինչ օրս չեն հնչել: Մենք դրանք կարողացանք գտնել կոմպոզիտորի արխիվից և թվայնացնել: Երաժշտական աշխարհի համար դա շատ կարևոր ձեռքբերում է»: Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ Տերտերյանի երաժշտությունը երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչելու է ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, թեև ոչ փառատոնի շրջանակում:
Մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը նշեց, որ փառատոնն իր բնույթով եզակի է, նախ և առաջ այն պատճառով, որ հնչում են այսօր ստեղծագործող կոմպիզիտորների ստեղծագործություններ, հաճախ են պրեմիերաներ լինում. «Խորհրդանշական է, որ այս տարի այն նվիրված է սիրված ու հետաքրքիր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանին: Խորհրդանշական ու հուզիչ է հատկապես այն, որ Տերտերյանը փառատոնի շրջանակում նույնպես հանդես է գալիս պրեմիերաներով»:
Անդրադառնալով «Իրատես de facto»-ի` «Ինչպե՞ս է ընկալվում Տերտերյանի երաժշտությունը դրսում» հարցին, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ նա ավելի ճանաչված է դրսում, քան ներսում: «Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է , որի ստեղծագործությունները հնչում են աշխարհով մեկ: Տերտերյանի արձանը կա Պերմում, նրա հոբելյանը առանձին նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Ցավոք, մենք մի քիչ ուշացել ենք հոբելյանական ծրագրերն իրականացնելու առումով»:
Սերգեյ Սմբատյանի կարծիքով՝ այն, որ Հայաստանում տեղյակ չեն, որ դրսում կատարվում են Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները, մեր ներքին խնդիրներից մեկն է. «Քանի որ փորձում ենք ավելի շատ սևը տեսնել, քան սպիտակը: Եթե խոսենք հայտնիության մասին ու փորձենք համեմատել Խաչատրյանին ու Տերտերյանին, պետք է ասենք, որ Եվրոպայում շատերը ճանաչում են երկու հայ կոմպոզիտորի` Խաչատրյանին և Տերտերյանին»:
Հավելենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Արամ Սաթյանն անդրադարձավ նաև հոկտեմբերի 31-ին մեկնարկելիք Հայ ժամանակակից երաժշտության փառատոնին.
«Յուրաքանչյուր հեղինակին գնահատանք կարելի է տալ միայն նրա ստեղծագործության կատարումով և տարածումով տարբեր երկրներում, ինչքանով այն կարող է ներառվել համաշխարհային մշակույթի մեջ», — լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը, նշելով, որ կոմպոզիտորների միությունն անում է առավելագույնս` հանրահռչակելու համար հայ երաժշտությունը: Նրա տեղեկացմամբ` հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչում են միջազգային տարբեր փառատոներում. «Փարիզում կազմակերպվում է եղեռնին նվիրված համերգ, մասնակցում է հայ երիտասարդ կոմպոզիտոր, որին պատվիրել են եղեռնին նվիրված ստեղծագործություն գրել, Նյու Յորքում կատարվում է եղեռնին նվիրված դարձյալ հայ երիտասարդ կոմպոզիտորի ստեղծագործություն»:
«Մենք չենք պատկերացնում մեր կողքին ովքեր են ապրում, դրա համար ես ասում եմ` գնահատեք ստեղծագործողներին կյանքի ընթացքում, ոչ թե կյանքից հետո»:
Շուտով կմեկնարկի Հայ ժամանակակից երաժշտության փառատոնը, որտեղ ներկայացվելու են 2000-ից հետո գրված ստեղծագործություններ: Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահի փոխանցմամբ` փառատոնին կլինեն ներկայացուցիչներ Չինաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից և այլ երկրներից: «Առաջին անգամ հրավիրվելու են հրատարակիչներ, որոնք կնպաստեն ոչ միայն կոմպոզիտորներին ներկայացնելուն միջազգային երաժշտական շուկայում, այլև երաժիշտներին ու նվագախմբերին կընդգրկեն իրենց փառատոներում»,- ընդգծեց նա:
Աղբյուրը՝ Irates.am
English
Русский
