Սեպտեմբերի 26-ին Գիտությունների Ակադեմիայւմ կայացավ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, մեծանուն հայ խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտաժողովը, որին հրավիրված էր նաև Հայաստանի Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանը: Իր ելույթում Արամ Սաթյանը մասնավորապես նշեց հետևյալը.
– Ինձ համար, որպես Կոմպոզիտորների Միության նախագահի, ուրախալի է, որ Հովհաննես Չեքիջյանն իր համերգային տևական ու բեղուն գործունեության ընթացքում հետևողականորեն անդրադարձել է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմանը: Բոլոր դեպքերում էլ փայլատակել է Չեքիջյանի՝ որպես տաղանդավոր խմբավարի և դիրիժորի բացառիկ ձիրքը, փայլատակել է խիստ ինքնատիպ ու անկրկնելի երանգներով: Վստահ եմ, որ մեզ սպասում են հետաքրքիր ու բովանդակալից զեկուցումներ. այդ են վկայում ծրագրում ընդգրկված թեմաները:
Առաջին զեկույցը Միության անդամ, երաժշտագետ Աննա Ասատրյանինն էր “Հ. Չեքիջյան. խմբերգային արվեստի Մարշալը” խորագրով, ապա հաջորդեց Միության անդամ Մարգարիտա Ռուխիկյանի, ինպես նաև Աննա Ադամյանի ելույթները:
Գիտաժողովին մասնակցած Մշակույթի նախարարն էլ իր խոսքում նշեց, որ այս օրը պատահական չի ընտրված.նախ, այս օրն է ծնվել մեծանուն հայորդի Կոմիտասը, և հետո, հենց սեպտեմբերին է, որ Հ. Չեքիջյանը եկել է Հայաստան:
Իր գոյության շուրջ 75 տարիներից 50-ից ավելին Ակադեմիական երգչախումբը ղեկավարել է հենց Մաեստրոն: Դեռ հեռավոր 1960-ական թվականներին արդեն իսկ Մոսկվայի մեծ համերգասրահներում Չեքիջյանի ղեկավարած երգչախումբը փայլում էր իր ողջ հմայքով: Սկզբում ունենալով թվով 50 կատարող, երգչախումբը կարողացել է մեծ հաջողություններով ելույթ ունենալ աշխարհի մեծագույն “նվագախմբերի” հետ: Որոշ ժամանակ անց իր փայլուն աշխատանքի շնորհիվ երգչախումբը դարձել է պետական ակադեմիական, իսկ բոլորովին վերջերս “պետական ակադեմիական”-ի կողքին հայտնվել է ԱԶԳԱՅԻՆ բառը՝ շնորհիվ բարձր պրոֆեսիոնալիզմի ու հայանվեր գործունեության:
Հատկանշական է, որ գիտաժողովի ընթացքում հնչեց նաև Գիտությունների Ազգային Ակադեմիայի պաշտոնկան նոր օրհներգը, որը կատարվել է Հայաստանի Պետական Երիտսարդական Նվագախմբի ու հենց Ազգային Ակադեմիական երգչախմբի կողմից, իսկ օրհներգի հեղինակն էլ մեր Միության Նախագահ Արամ Սաթյանն է:
Վերջում նշենք, որ այս գիտաժողովը նախատեսված է անցկացնել երկու օր:
English
Русский
