Սեպտեմբերի 17-ին Կոմպոզիտորնրի Միության նախաձեռնությամբ հենց Միության դահլիճում կայացավ “Հայրենադարձ ղողանջներ” համերգային ծրագիրը: Այն մի յուրատեսակ նախագիծ էր, որը համախմբել էր վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստան տեղափոխված սիրիահայ երաժիշտներին` կոմպոզիտորների, մենակատարների, խմբավարների և երգչախմբի երգիչներ: Կոմպոզիտորների Միությունը տվյալ համերգով նպատակ ուներ հանրությանը տեղեկացնել, որ սիրիահայ արվեստագետները՝ չնայած առկա դժվարություններին, շարունակում են իրենց գործունեությունը և կատարելագործում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները հայրենիքում: Հատկանշական է, որ այս համերգին սիրիահայ երաժիշտ-ընկերներին իրենց կատարումներով աջակցեցին նաև տեղի երաժիշտները: Եվ ահա, Միության Նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքից հետո համերգը մեկնարկեց սիրիահայ երիտտասարդ կոմպոզիտոր Սարգիս Ադամյանի երկու ստեղծագործությունների կատարումներով, որից մեկը պրեմիերա էր՝ գրված տերմենվոքսի և դաշնամուրի համար: Ապա երեկոն զարդարվեց Ծովինար Հովհաննիսյանի հեղինակած ստեղծագործության գույներով՝ գրված քանոնի և դաշնամուրի համար: Համերգի երրորդ համարն իսկական անակնկալ էր բոլորի համար: Բեմում հայտնվեցին չորս հրաշք փոքրիկներ, ովքեր արագ տեղավորվելով դաշնամուրի շուրջը, կատարեցին Հոլլենհաուերի ստեղծագործությունը: Փոքրիկներին եկան հաջորդելու իրենց ավագ ընկերները՝ “Քառյակ” լարային քառյակը: Երաժիշտների շնորհիվ Կոմպոզիտորների Միության դահլիճում թևածեց Կոմիտասյան հնչյունները: Դե իսկ համերգին ավարտին ներկաներն ունկնդրեցին Սուրբ Հովհաննես եկեղեցու երգչախումբի հիանալի կատարումները ( գեղարվեստական ղեկավար` Շահեն Քեշիշյանը):
English
Русский
