ՍԱՐԳԻՍ ԱԴԱՄՅԱՆ. ”ԱՄԵՆ ՕՐ ԵՐԵՎԱՆԻ ՄԵՋ ՄԻ ՆՈՐ ԲԱՆ ԵՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ”

Սիրիայից ժամանած երիտասարդ կոմպոզիտոր, կոմպոզիտորների միության երիտասարդական մասնաճյուղի անդամ Սարգիս Ադամյանը Magaghat.am կայքի հետ զրույցում պատմեց իր երաժշտական ուղու, ստեղծագործությունների և սպասելիքների մասին։

– Պատմեք մի փոքր Ձեր մասին. ե՞րբ եք սկսել զբաղվել երաժշտությամբ։

– Ես ծնվել եմ Սիրիայի Հալեպ քաղաքում։ Տեղափոխվել եմ Հայաստան 2012 թվականի հուլիսին։ Երաժշտությամբ զբաղվել եմ շատ փոքր տարիքից։ Սովորել եմ Սիրիայի պետական երաժշտական քոլեջում։ Դարձել եմ Սիրիայի արվեստագետների միության անդամ, ապա սիրիական պետական հեռուստակայանի կոմպոզիտոր։

Իմ ծնողները ինձ միշտ քաջալերել են, որպեսզի ես զբաղվեմ երաժշտությամբ։ Մենք տանը ունեինք փոքր երգեհոն, որով և սկսել եմ իմ առաջին երաժշտական քայլերը, ավելի ուշ հաճախել եմ դաշնամուրի։

– Ե՞րբ եք սկսել ստեղծագործել։

– Ստեղծագործել սկսել եմ տասնութ տարեկանում։ Առաջին ստեղծագործություններս եղել են երգեր։ Ինձ տրամադրում էին բանաստեղծություններ, որոնց համար ես գրում էի երաժշտություն։ Հիմա Հայաստանում ևս ես փնտրում եմ ժամանակակից բանաստեղծների, որոնց հետ կկարողանամ համագործակցել։

Այնտեղ՝ Սիրիայում, կատարել եմ «Զվարթնոց» երգչախմբի երգերի և սիրիական երգի փառատոնի գործիքավորումը, կատարել եմ նաև 45 աշուղական երգերի վերագործիքավորում, որոնք շատ լավ են ընդուվել։ Այնտեղ՝ սփյուռքում, կարևոր նպատակներից մեկը մեր ազգային մշակույթից չհեռանալն է, և այդ երգերի վերագործիքավորումը և մատուցումը միտված է եղել այդ գաղափարին։ Ես գրում եմ տարբեր տիպերի երաժշտություն և կարևոր եմ համարում, որ կոմպոզիտորը կարողանա արտահայտվել տարբեր ոճերում։ Գրել եմ նաև մի աշխատանք թերեմին գործիքի համար։

– Ինչպե՞ս եք Դուք նոր երաժշտություն ստեղծում։

– Երաժշտության միջոցով ես արտահայտում եմ այն, ինչ կա իմ հոգում։ Այդ հարցում շատ մեծ դեր ունի նաև իմ այստեղ բնակվելը։ Հայաստանը, և հատկապես Երևանը, ներշնչանքի աղբյուր են ստեղծագործողի համար։ Ես ամեն օր Երևանի մեջ մի նոր բան եմ հայտնաբերում ինձ համար։

– Ի՞նչն է, որ այստեղ Ձեզ այնքան էլ դուր չի գալիս։

– Այն, ինչ դուր չի գալիս ինձ, երևի թե, ոչ միայն ինձ, այլև շատերին է հուզում։

Դա քիչ նյութական միջոցներով ապրելու դժվարությունն է։ Սակայն ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ այդ հարցը կկարգավորվի։ Ինչ վերաբերում է իմ ասպարեզին, ապա ինձ զարմացրեց այն փաստը, որ այստեղ որակյալ երաժշտությանն այքնան էլ մեծ ուշադրություն չի հատկացվում։ Սակայն կոմպոզիտորներ կան, ովքեր գրում են երաժշտություն, որ սիրում են բոլորը: Օրինակ` Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը, որը գրվել է ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ֆիլմի համար։ Այդ երաժշտությունը հնչում է տարբեր վայրերում, և բոլորն են այն ընդունում։ Կարևոր է, որ կոմպոզիտորը կարողանա այդպիսի համամարդկային գործեր ստեղծել։

– Առաջիկայում համերգ սպասվո՞ւմ է:

– Այո, սեպտեմբերի 17–ին` ժամը 19.00–ին, Կոմպոզիտորների միության դահլիճում կլինի սիրիահայ երաժիշտների դասական երեկո։ Իմ գործերը նույնպես կհնչեն այդ երեկոյի ընթացքում։

ԶԱՌԱ ԱՍԿԱՐՅԱՆ

Հարցազրույցը՝ Magaghat.am կայքի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով