ԿԱՅԱՑԱՎ ԱՎԵՏ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ “ԿՐԱԿԵ ՕՂԱԿ” ՕՊԵՐԱՅԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱՆ՝ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 1-ին, Շուշիի ամրոցում կայացավ հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան /լիբրետոն` Վլադիմիր Շահնազարյանի, ըստ Բորիս Լավրենյովի «Քառասունմեկերորդը» վեպի և Եղիշե Չարենցի բանաստեղծությունների/: Հատկանշական է, որ պրեմիերային ներկա էին  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ու  ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը:

«Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան նվիրվում է Արցախի Անկախության օրվան և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարն է` Սարինե Ավթանդիլյանը: Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան, ռեժիսոր` Մարիա Սահակյան, նկարիչ` Աստղիկ Ստեփանյան, խորեոգրաֆ` Արա Ասատուրյան: Մենակատարներ` Գուրգեն Բավեյան /բարիտոն/, Ռուզան Մանթաշյան /սոպրանո/, Լիպարիտ Ավետիսյան /տենոր/, Արմեն Մարգարյան /ասմունք/, Ռիմա Պիպոյան /պար/: Ներկայացմանը մասնակցում են` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը /գլխավոր դիրիժոր` Կարեն Դուրգարյան/ և բալետային խումբը /գլխավոր բալետմայստեր` Վիլեն Գալստյան/, «Սպեղանի» երիտասարդական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սարինե Ավթանդիլյան/, Հայաստանի պետական կամերային երգչախումբ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբ /գեղարվեստական ղեկավար և խմբավար` Սոնա Հովհաննիսյան/:

Ավետ Տերտերյանը «Կրակե օղակ» օպերան գրել է 1967 թվականին: Նույն տարում օպերայի առաջին բեմադրությունը իրականացրել են Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր Արամ Քաթանյանը, բեմադրող ռեժիսոր Վահագն Բագրատունին, բեմանկարիչ Մինաս Ավետիսյանը:

Ավետ Տերտերյանի ստեղծագործությունները բազմիցս հնչել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և Եվրոպայի հեղինակավոր բեմերում՝ միջազգային փառատոների և կոմպոզիտորին նվիրված համերգների ընթացքում:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով