Օգոստոսի 28-ին Էդվարդ Միրզոյանի անունը կրող Կոմպոզիտորների Միության ստեղծագործական տանը կայացավ Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ իրականացվող “Երաժշտական ամառ” մանկապատանեկան ծրագրի եզրափակիչ փուլը: Այս միջոցառումը հնարավորություն տվեց սոցիալապես անապահով, մանկատների և առողջական խնդիրներ ունեցող մոտ 200 երեխաների անմիջականորեն առնչվել արվեստի հետ՝ լինելով ունկնդիրը գեղեցիկ համերգային ծրագրի ու կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի “Մոխրոտը” մյուզիքլի՝ Ք. Քուշնարյանի (տնօրեն՝ Էդգար Գյանջումյան) և Հ. Դանիելյանի (տնօրեն՝ Նաիրա Դիվանյան) անվան արվեստի դպրոցի սաների և Երևանի պետական երաժշտական կամերային թատրոնի (գեղ. ղեկավար՝ Դավիթ Հակոբյան) մասնակցությամբ: Այդ նախագծին իրենց աշխատանքներով մասնակցեցին նաև “Դեկարտ” մանկապատանեկան մշակութային կենտրոնի (Ղեկավար՝ Սուսաննա Բուդաղյան) , ինչպես նաև Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի (բաժնի ղեկավար՝ Աննա Հարությունյան) սաները՝ ներկացնելով իրենց նկարները, ձեռքի աշխատանքները:
Երրորդ փուլում նրանց միացան նաև Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստի դպրոցի (տնօրեն՝ Հրեղեն Գասպարյան, դեկորատիվ կիրառական արվեստի բաժնի ղեկավար՝ Արմինե Պողոսյան) սաները:
Եվ ահա, երրորդ փուլը մեկնարկեց առավոտյան ժամը 9-ին: Մասնակիցները մեկնեցին Երևանից Կոմպոզիտորների Միության բակից ու տեղ հասան արդեն կեսօրին: Շնորհիվ ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Դիլիջան մեկնողներին ուղեկցում էին Հայաստանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ապահովեցին փոքրիկների անխափան երթևեկությունը:
Արդեն ընկերներ դարձած երեխաները հենց առաջին իսկ պահից սկսեցին անմիջական մասնակիցը լինել տիրող տոնական տրամադրությանը: Կազմակերպիչների որոշմամբ, Դիլիջանի ստեղծագործական տան ճաշարանի հարակից տարածքը բաժանվել էր առանձին մասերի, որոնցից յուրաքանչյուրում երեխաների հետ աշխատում էին համապատասխան մասնագետներն ու նախագծի պատասխանատուները: Մի հատվածում նկարում էին, մյուսում գորգագործությամբ զբաղվում, երրորդում հետաքրքիր արձանիկներ պատրաստում, և այդպես, շուրջ 6-7 առանձնամասեր, որրտեղ փոքրիկներն անցկացրեցին հետաքրքիր ու ուսուցողական մի քանի ժամեր:
Ճաշելուց հետո փոքրիկներն արդեն Բեթհովենի անվան շքեղ դահլիճում էին: Կոմպոզիտորների Միությունը հոգացել էր նաև ստեղծել երեխաների համար գեղեցիկ ու մանկական համերգային ծրագիր(Սցենարի հեղինակ՝ կոմպոզիտոր Նաիրա Դիվանյան): Իրենց կատարումներով հանդես եկան Ա. Դիվանյանի անվան “Արևներ” մանկապատանեկան խմբի, Երևանի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի երգչախմբի, Դիլիջանի Հ. Շարամբեյանի անվան դպրոցի պարային ստուդիայի սաները (գեղ. ղեկավար և պարուսույց Արթուր Գրիգորյան), ինչպես նաև այդ համերգի հատուկ հյուր՝ երգչուհի Դալիթան: Համերգը եզրափակվեց “Հույսի Նավակ” երգի կատարումով ու գեղեցիկ հրավառությամբ:
Ավարվեց մանկական այս գեղեցիկ տոնը, որը երեք ամիս շարունակ հաճելի պահեր պարգևեց մեր փոքրիկներին: Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում էր ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Ֆոտոշարքը՝ Կոմպոզիտորների Միության պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
English
Русский
