Ասում են` նրա ստեղծագործությունների մասին հաճախ հնչող հարցերից մեկն այսպիսին է. «Իսկ նրա երաժշտությունը որքանո՞վ է տիեզերական»…
Նարեկացի Արվեստի Միությունում Ավետ Տերտերյանի 85-ամյակին նվիրված միջոցառման հյուրերը Մեծ կոմպոզիտորի հետ տարբեր ստեղծագործական խաչմերուկներ ունեցած անվանի արվեստագետներ էին, ովքեր կիսվեցին իրենց զգացողություններով` նկարների, ֆիլմերի, կատարումների և հիշողությունների միջոցով:
Webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության կողմից նկարահանված «Մնացյալը կյանքն էր… » տեսաֆիլմի միջոցով ներկաները տեղափոխվեցին Այրիվան գյուղում Ավետ Տերտերյանի ձեռքով կառուցված տուն, ուր նրա որդին` Ռուբեն Տերտերյանը, 60-ականներին գրված տերտերյանական երգերի հնչյունների ներքո պատմում էր Ավետ Տերտերյան անհատի մասին. «Խաչը նրա համար մեծ սիմվոլ ուներ, որովհետև այն կապում է անցյալը և ապագան, վերևը և ներքևը: Վերևի` տիեզերքի հետ կապը գտնելու փնտրտուքներով էր, որ նա կառուցեց այս տունը: Նա չէր կարողանում այդ կապը գտնել և ստեղծագործել այնտեղ, որտեղ հայկական հող չկար: Մեկ տարի ապրեց Գերմանիայում, և այդ ընթացքում ոչինչ չգրեց»: «Պետք չէ լինել տարօրինակ, տաղանդավոր լինելու համար, կապը պետք է պահել և’ կյանքի, և’ տիեզերքի հետ»: Այդպես էլ ապրել է Տերտերյանը՝ սիրելով ընկերներին, մեծարելով կանանց, ծանոթանալով գյուղի մածուն պատրաստելու «գաղտնիքներին»:
Ի դեպ, ֆիլմում օգտագործված էին Մոկկոյի կտավների վերատպումները: Նկարչի համոզմամբ, ոչ մի այլ երաժշտություն այդքան չէր հարստացնի իր նկարները:
Ֆիլմից հետո կրկին տեղափոխվեցինք դահլիճ և ներկաները շարունակեցին կիսվել իրենց հիշողություններով: Մարգարիտա Ռուխկյանի բնորոշմամբ, Ավետ Տերտերյյանը լսում էր հողը և ժողովրդի ճակատագիրը: Դիրիժոր Ռուբեն Ասատրյանը Տերտերյանի երաժշտությունը բնորոշեց իբրև չափազանց ռեալիստական: Նելլի Ավետիսյանը ավելացրեց այս ամենին ևս մեկ բնորոշում` դինամիկա ստատիկայի միջոցով:
Ավետ Տերտերյանը ստեղծել է երկու օպերա` «Կրակե օղակ» և «Երկրաշարժ»: Վերջինիս բեմադրող-ռեժիսոր Լևոն Իվանյանը Ավետ Տերտերյան բեմադրելու փաստը բնորոշեց իբրև իր կյանքի կարևորագույն ու ամենապատասխանատու առաքելություններից մեկը:
Հետո եկավ պահը, երբ հիշողություններից հետո պետք էր փակել աչքերը` առավել մոտ հաղորդակցվելու հակասությունների ու ներդաշնակության այս աշխարհին. բեմում էր Կարո Չալիկյանը, ով կատարեց հատված Ավետ Տերտերյանի 2-րդ սիմֆոնիայից, մի գլուխգործոց, որ Տերտերյանը գրել էր` ոգեշնչված հենց Կարո Չալիկյանի ձայնով: Կարո Չալիկյանի այդ կատարումը:
Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը բնորոշեց իբրև մեդիտացիա, ինչը լիովին արտացոլում էր ներկաների զգացմունքը:
Օրվա բացահայտումներին ավելացավ ևս մեկը` Ավետ Տերտերյան – դերասան: Էկրանին Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառոյ» (1991թ.) ֆիլմից քաղված դրվագներն էին, այդ թվում կադրից դուրս: Դահլիճը դերասանի խաղից հրճվում էր: Իսկ դերասանը ամենայն լրջությամբ խաղում էր իր դերը, որտեղ նրա գլխին մածուն էին թափում:
«Նրա մեջ կար մի համեստ տղա, ով ամաչել գիտեր», – այդպես բնորոշեց նրան Վիգեն Չալդրանյանը` հավելելով, որ նման մեծ արվեստագետների շնորհիվ է, որ մենք մնում ենք ազգ, և չենք վերածվում բնակչության:
Նարեկացի Արվեստի Միության հյուրերը հեռացան` կրելու և փոխանցելու Ավետ Տերտերյանի տիեզերական աշխարհի հանելուկները իրական կյանքում:
Աղբյուրը՝ Նարեկացի Արվեստի Միություն
English
Русский
