ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ` ԴԱՎՈՍԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Տասնամյակներ շարունակ հայ երաժշտության զարգացման և հանրայնացման գործում մեծ ավանդ ունեցող ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը 2014 թվականի օգոստոսի 1-14-ը անցկացրել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ` որպես Դավոս միջազգային երաժշտական փառատոնի «Composer in Residence» (սա այն պատվավոր հեղինակն է, ում ստեղծագործությունների շուրջ են ծրագրվում փառատոնի համերգները):

Խոսելով փառատոնի կազմակերպման ու դրան հայ երաժիշտների մասնակցության մասին` Տիգրան Մանսուրյանն ասաց. «Կարևոր եմ համարում նշել, որ մինչև Դավոս քաղաքի միջազգային փառատոնին իմ մասնակցությունը, այդ փառատոնին իբրև դաշնակահար և կոմպոզիտոր Հայաստանից մասնակցել է երիտասարդ տաղանդավոր կոմպոզիտոր, տեսաբան և դաշնակահար Արթուր Ավանեսովը»:

Շվեցարիայի Դավոս քաղաքում և նրա հարակից մի շարք բնակավայրերում հնչել են Տիգրան Մանսուրյանի մեծ թվով գործեր: Դրանց կատարմանը մասնակցել են այսօր արդեն միջազգային անուններ դարձած «Meta 4» լարային քառյակը Ֆինլանդիայից, «Cavatine» քառյակը ֆրանսիայից, «Schumann» քառյակը Գերմանիայից, «Trio Rafale» եռյակը Շվեյցարիայից: Շվեյցարական երգչախմբի կատարմամբ հնչել է (ի դեպ, հայերեն բնագրով) չարենցյան «Արվեստ քերթության» խմբերգերի շարքը` ղեկավարությամբ արդի խմբերգային արվեստի նշանակալի դեմքերից մեկի` Անդրեաս Ֆելբերի: Նշենք, որ այս գործը, թե՛ երգչախմբի ցանկությամբ և թե՛ ունկնդիրների պահանջով, համերգային ծրագրից դուրս ևս երկու համերգներում է հնչել: «Ես երջանիկ էի, որ փառատոնում այնքան հրաշալի հնչեց չարենցյան հայերենը՝ մեր լեզվին չտիրապետող երգչախմբի կողմից:-Ասում է Մանսուրյանը:-Համերգին ներկա մասնագետներից լսեցի, որ չարենցյան այդ շարքի կատարումը փառատոնի բարձրակետը կարելի է համարել: Շնորհակալ եմ երգչախմբին և նրա ղեկավար Անդրեաս Ֆելբերին և հուսով եմ, որ մեր ստեղծագործական համագործակցությունն իր շարունակությունը կունենա»:

Փառատոնի մասնակից կատարողների շարքում հարկ է նշել նաև մեծանուն ջութակահար Իլյա Գրինգոլցին, ով հնչեցրել է Մանսուրյանի Ջութակի առաջին կոնցերտը: Փառատոնին կատարված Մանսուրյանի ծավալուն երկերից էին նաև «Agnus Dei» և «Con anima» կամերային գործերը, ինչպես նաև ալտի և հարվածային նվագարանների համար գրված մի շարք ավելի փոքր ծավալի ստեղծագործություններ:

Ինչպես վկայում է շվեյցարական մամուլը, յոթանասունհինգամյա հայ կոմպոզիտորը դարձել է երիտասարդ կատարողների և ունկնդիրների սիրելին, եղել է եվրոպական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում` զրույցներ վարելով թե՛ իր երաժշտության, թե՛ հայ երաժշտական արվեստի մասին՝ առհասարակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով