Համկ(բ)կ Կենտկոմի 1932 թվականի ապրիլի 23-ի “Գրական-գեղրվեստական կազմակերպությունների վերակառուցման մասին” որոշման հիման վրա ձևավորվեց Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը, իսկ 2 տարի անց՝ արդեն իսկ որոշում կայացվեց ձևավորել Միության կազմկոմիտեն(համակարգող՝ Ա. Ոսկերչյան):
1935 թվականից սկսած, Միությունն ուներ Նախագահ. հայտնի գրող Ղազարոս Աղայանի որդին էր՝ Մուշեղ Աղայանը, ով Նախագահ դարձավ 47 տարեկանում (47 տարեկան 3 ամսեկան 15 օրեկան): Համացանցում տեղադրված այն էլ ոչ այդքան շատ ինֆորմացիայում մենք տեսնում ենք, որ Միության առաջին Նախագահի ծննդյան թիվը նշված է 1883 թվականը, սակայն արխիվում պահպանված ինքնակենսագրական տվյալների մեջ գրված է 1888 թվականը: Երաժշտագետ Մուշեղ Աղայանը, ով ՀԽՍՀ վաստակավոր գործիչ էր, ղեկավարեց Միությունը մինչև 1939 թվականը: Արխիվում կոնկրետ տվյալների բացակայության պատճառով, ուսումնասիրությունները տանում են այն ենթադրության վրա, որ հաջորդ Նախագահը՝ Հարո Ստեփանյանը, սկսել է ղեկավարել Միությունը 1939 թվականի հունվարի 1-ից, ինչից էլ ենթադրում ենք, որ Մուշեղ Աղայանը ղեկավարել է Միությունը 3 տարի 10 ամիս 4 օր:
Միության երկրորդ Նախագահը՝ կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը, որն արդեն նշեցինք, ըստ ենթադրությունների, սկսել է ղեկավարել Միությունը 1939 թվականի հունվարի 1-ից, նշանակման պահին եղել է 41 տարեկան (41 տարեկան 8 ամսեկան և 18 օրեկան): Հարո Ստեփանյանն իր նախորդի համեմատ, ղեկավարել է ավելի երկար՝ 7 տարի 11 ամիս 30 օր:
1947 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման համաձայն, Կոմպոզիտորների Միության Նախագահ է նշանակվել կոմպոզիտոր Աշոտ Սաթյանը: Այդ ժամանակ կոմպոզիտորը եղել է 41 տարեկան 11 ամսեկան 24 օրեկան: Աշոտ Սաթյանը եղել է այդ պաշտոնում մինչև 1952 թվականի հունիսի 6-ը, այսինքն, նա ղեկավարել է Միությունը 4 տարի 8 ամիս 7 օր:
Միության հաջորդ Նախագահին` Գրիգոր Եղիազարյանին “վիճակված” էր ղեկավարել մինչև 1955 թվականի մայիսի 17-ը՝ ընդհանուր ղեկավարելով 2 տարի 8 ամիս 11 օր: Նախագահ նշանակման պահին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստը 43 տարեկան, 8 ամսեկան 24 օրեկան էր:
Հայաստանի Կոմպոզիտորների Միության 5-րդ Նախագահը հայտնի նկարիչ Մարտիրոս Սարյանի որդին էր՝ Ղազարոս Սարյանը, ով նշանակման պահին 34 տարեկան 7 ամսեկան 17 օրեկան էր: Կոմպոզիտորը այդ պաշտոնում մնաց նախորդների համեմատ ավելի քիչ. 1 տարի 11 ամիս 9 օր՝ ղեկավարելով մինչև 1957 թվականի ապրիլի 26-ը:
Միության 6-րդ նախագահ Էդվարդ Միրզոյանը նախորդների համեմատ ոչ թե նշանակվեց Սովետական Միության՝ այդ ոլորտի ղեկավար մարմինների կողմից, այլ ընտրվեց Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամների կողմից: Այդ պահին ԽՍՀՄ Ժողովրդական արտիստը 35 տարեկան 11 ամսեկան 14 օրեկան էր: Էդվարդ Միրզոյանը ղեկավարեց մինչև 1991 թվականի հոկտեմբերի 27-ն ու հեռացավ Միության ղեկավարի պաշտոնից: Էդվարդ Միրզոյանի պաշտոնական հրաժարակի դիմումը թվագրվեց դեկտեմբերի 20-ին (մոտ.), ինչն էլ նշանակում է, որ Միրզոյանը ղեկավարեց Միությունը դե յուրե մոտ 34 տարի 8 ամիս, դե ֆակտո՝ 34 տարի 9 ամիս 24 օր:
Մինչ կնախապատրաստվեր Միության հերթական համագումարը նոր Նախագահ ընտրելու համար, շուրջ 2 ամիս Միության ղեկավարի պաշտոնակատար դարձավ Լևոն Չաուշյանը, ով հանդիսանում էր մինչ այդ Միության փոխնախագահը: Ժամանակավոր պաշտոնակատարի գործունեությունը սկսելու ժամանակ Լևոն Չաուշյանը 45 տարեկան 5 ամսեկան 17 օրեկան էր: Սակայն Չաուշյանը պաշտոնապես այդպես էլ չհանդիսացավ Միության Նախագահ:
1991 թվականի դեկտեմբերի 29-ին Միության 7-րդ Նախագահ ընտրվեց Ռոբերտ Ամիրխանյանը: Կոմպոզիտորն այդ ժամանակ 55 տարեկան 1 ամսեկան 13 օրեկան էր: Հայաստանի Ժողովրդական արտիստը Միությունը ղեկավարեց 21 տարի 9 ամիս 29 օր:
Կոմպոզիտորների Միության 8-րդ նախագահը՝ ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Միության Նախագահ ընտրվեց 2013 թվականի հոկտեմբերի 27-ին: Այդ պահին Արամ Սաթյանը 66 տարեկան 5 ամսեկան 4 օրեկան էր:
English
Русский
