Մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Ավետ Տերտերյանի “Կրակե Օղակ” օպերան կբեմադրվի Արցախում: Առաջին բեմադրությունից շուրջ կես դար անց (բեմադրվել է 1967 թ.,) այն դարձյալ հայ հանդիսատեսին (և ոչ միայն) կներկայանա իր երաժշտական “ողջ հմայքով”: Հետաքրքրական է, որ իր առաջին երաժշտական-թատերական ստեղծագործությամբ Ա.Տերտերյանը «շեղվեց» ազգային արվեստում օպերային ավանդական ձևի մասին կայունացած պատկերացումից: Կարողանալով կերտել իր սեփական հայեցակետը՝ սկսած լիբրետոյի ստեղծմանն ակտիվ միջամտելուց իր առաջին երաժշտական-թատերական գործում, նա իր ուրույն դիրքորոշմամբ հետևողականորեն առաջնորդվեց նաև հաջորդ գործերում:
«Կրակե օղակում» օպերայի լիբրետոյի հեղինակ Վ.Շահնազարյանը Բ.Լավրենևի «Քառասունմեկերորդի» սյուժետային գիծը յուրովի կապեց Ե.Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմների աոանձին հատվածների հետ: Նման միահյուսումը, Լավրենևի գործին ազգային երանգ հաղորդելով, ընդգծեց և հեղափոխական ըմբոստ ոգին: Գործող անձանց սահմանափակումը (բոլշևիկ աղջիկ և դաշնակ սպա), թույլ տվեց ընտրել հոգեբանականի առավելագույն խորացման ճանապարհը: Երգչախումբը հանդես գալով մեկնաբանի, կարեկցալի, համակրողի, խորհրդատուի դիրքերից, նպաստում է սյուժեի լարված ընթացքին:
Իրերի բերմամբ ողջ շրջապատից մեկուսացած, հակադիր գաղափարներ մարմնավորող երիտասարդները ապրում են բարդ, անսովոր հոգեվիճակ, որն, ի վերջո, համակրանքի է վերածվում: Սակայն, կասկածամտությունը, լարվածությունը, ներքին տագնապը ողբերգական վախճանի են հանգեցնում նրանց համակրանքը: Գաղափարական-հոգեբանական սուր պայքարը; կրքերի ուժգին բախումը, զսպանակված ու պոռթկուն հույզերը բացահայտողը երաժշտությունն է:
Օպերայում ամբողջական մարմնավորում ստացան կոմպոզիտորի ոճական միտումները, ժամանակակից մտածողությանը հատուկ խտացած ելևէջային, հարմոնիկ միջոցները, ինչպես և ողջ ընթացքում իրականացված սիմֆոնիզացիայի սկզբունքը: Օպերայում նկատելի է և օրատորիայի ոճին բնորոշ շարադրանք, ինչպես և անտիկ ողբերգության ավանդույթների և Բերթոլդ Բրեխտի թատրոնի սկզբունքները միա-յուսելու մղումը:
Օպերայի կուռ դրամատուրգիայի ապահովման նախադրյալները նախանվագի ելևէջային դարձվածքներից սկիզբ առած լայտմոտիվներն են և դրանց զարգացման ու ձևափոխման հնարամտությունները: Ձգտելով հաղթահարել ժանրի պայմանականությունը՝ կոմպոզիտորը հրաժարվում է ասերգերից, դիմում է երկխոսությունների, երաժշտության ընթացքին դինամիզմ հաղորդում:
Իր՝ հեղինակի խոստովանությամբ, Ա.Տերտերյան-կոմպոզիտորի իրական ծնունդն իրականացել է «Կրակե օղակում» օպերայում, որը Տերտերյան-դրամատուրգի ծանրակշիռ հայտն էր: Այդ է վկայում մտահղացման, ինչպես և երաժշտական նյութի կազմակերպման մեծ հմտությունը:
Նախագծի հեղինակ և գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Ավթանդիլյան, դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան, խմբավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան, ռեժիսոր՝ Մարիա Սահակյանի, խորեոգրաֆ՝ Արա Ասատուրյան, նկարիչ՝ Աստղիկ Սստեփանյան: ՀՀ և ԼՂՀ Մշակույթի Նախարարությունների աջակցությամբ ու ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սսարգսյանի բարձր հովանու ներքո էլ սեպտեմբերի 1-ին, ժամը 20:00-ին Շուշիի Ամրոցում կկայանա “Կրակե օղակ” օպերայի բեմադրությունը:
English
Русский
