Նարեկացի Արվեստի Միությունը «Հանդիպում կոմպոզիտորների հետ» շարքի շրջանակներում հյուրընկալել էր աշխարհի տարբեր անկյուններում ապրող և ստեղծագործող հայ կոմպոզիտորների, ովքեր այս տարվա ապրիլի 6-ին Հաննովերում ներկայացրել են համաշխարհային պրեմիերա՝ 11 նոր տաղերից բաղկացած մի միասնություն՝ Tag(h)ebuch (Տաղարան/Օրագիր) անվանմամբ:
Տասնմեկ հայ կոմպոզիտորների կողմից ստեղծված այդ միասնության ամեն մի մասնիկ առանձին մի տաղ է՝ նոր շնչով, նոր հայացքով, համահունչ մեր իրականությանը:
Տաղարանի համահեղինակ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս 2011թ.-ի վերջում: Առաջարկը եղել է Քրիստինե Ալթունյանի կողմից, արդյունքում ստեղծվել է հայ կոմպոզիտորների յուրահատուկ ընտանիք, որը հայկական բազմաժանր երաժշտությունը ներկայացրել է եվրոպացի քմահաճ և բարձրաճաշակ հանդիսատեսին:
Տաղ ձևաչափի ընտրությունը պատահական չէր, քանզի եվրոպացիները ևս մեկ անգամ համոզվել են հայ երաժշտական գանձարանի յուրահատկության մեջ՝ ըմբոշխնելով տաղի ողջ գրավչությունը:
Հանգամանքների բերմամբ՝ միջոցառմանը կարողացել էին ներկա գտնվել կոմպոզիտորներից միայն երեք, սակայն նրանց հաջողվեց փոխանցել բոլորի ապրումներն ու զգացողությունները:
Ծրագրի համահեղինակ, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանին մեծապես ոգևորել է եվրոպացիների մոտեցումը հայ կոմպոզիտորների և նրանց գործերի նկատմամբ: Նա կարևորում է այն հանգամանքը, որ կոմպոզիտորները չեն փոխառել միջնադարյան տաղերին բնորոշ հատկությունները, դրանով իսկ փորձ անելով կտրվել միջնադարից՝ նպաստելով տաղերի վերածնունդին:
Կոմպոզիտոր Հեղինե Սարգսյանն իր տաղը ստեղծել է զգացմունքային հիմքի վրա և անվանել «Տաղ խաղաղության»` ամբողջովին համահունչ իր էությանը:
Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանի համար գեղագիտական հիմք է հանդիսացել ճապոնական մշակույթը, իր տաղը ստեղծելիս նա մտովի համադրել է բնության տեսարանները և յուրահատուկ հոգեբանական կցումները:
Ինչպես ճիշտ նկատեց Մեծն մաեստրո Տիգրան Մանսուրյանը, նախագծի հաղթանակն ու հաջողությունը կայանում է նրանում, որ կոմպոզիտորներից յուրաքանչյուրը, ապրելով և ստեղծագործելով աշխարհի տարբեր ծագերում, սնվել է բացառապես ազգային երաժշտությունից՝ ականջներում ունենալով մայրական մեղմ օրորի հնչյունները:
Եվրոպական բեմերը նվաճած հայ կոմպոզիտորների համար շատ կարևոր է պաշտամուքներ չունենալու հանգամանքը, քանզի շատ հաճախ ամեն ինչ արվում է ինչ-որ մեկին հաճոյանալու համար, մինչ դեռ պետք է միայն հարգել և վստահել հանդիսատեսին, ինչը հաջողության միակ գրավականն է:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
English
Русский
