Հուլիսի 12-ին կայացավ Կոմպոզիտորների Միության “Երաժշտական ամառ” մանկապատանեկան ծրագրի երկրորդ փուլը: Առաջին փուլի թե՛ մասնակիցները, թե՛ հյուրորը համատեղ, այս անգամ հյուրընկալվել էին Երևանի պետ. Կամերային թատրոնում՝ դիտելու “Մոխրոտը” երաժշտական ներկայացումը: “Երաժշտական ամառ” նախագիծը, որը համախմբում է բոլոր փոքրիկներին՝ անկախ իրենց սոցիալական և առողջական խնդիրներից, հնարավորություն տվեց շուրջ երկու ժամ փոքրիկներին վայելելու հեքիաթային հերոսների պարգևած ուրախությունը, իսկ ներկայացումից հետո հենց իրենց հետ շարժվեցին “Սիրահարների այգի”, որտեղ բոլորին սպասում էին հեքիաթի այլ հերոսներ, խամաճիկներ:
Այս միջոցառմանը ներկա էին Արյունաբանական կլինիկայի, “Արբես” կենտրոնի, “Սոս մանկական տան” երեխաները, ինչպես նաև Հ. Դանիելյանի, Ք. Քուշնարյանի և “Դեկարտ” մանկապատանեկան մշակութային կենտրոնի սաները: Կոմպոզիտոր Սվետլանա Ալեքսանյանի հեղինակած “Մոխրոտը” երաժշտական ներկայացումը (ըստ Շ. Պերոյի) մեծ բավականություն և դրական լիցքեր հաղորդեց թե՛ փոքրերին, թե՛ մեծերին: Կոմպոզիտորների Միությունը բոլոր մասնակիցների համար պատրաստել էր նաև նվերներ:
Հաջորդ փուլը նախատեսվում է իրականացնել օգոստոսին՝ Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
Նշենք, որ այս նախագիծը իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
English
Русский
