Հուլիսի 3-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան No 13 քոթեջի պատին փակցվեց մեծանուն կոմպոզիտոր Բենջամին Բրիտենի հուշաքարը: Հայաստանի Կոմպոզիտորների Միության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ կայացած այս նախագծի շրջանակներում Դիլիջան էր ժամանել Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպան Քեթրին Ջեյն Լիչի գլխավորությամբ: Պաշտոնական բացումը մեկնարկեց ժամը 12:00-ին : Իր խոսքում Միության Նախագահ Արամ Սաթյանը նախ ողջունեց ներկաներին և ապա կարևորեց մեծանուն կոմպոզիտորի քարի բացման անհրաժեշտությունն ու նրա հիշատակը վառ պահելու կարևորությունը: Արամ Սաթյանը հույս հայտնեց, որ ժամանակի ընթացքում այս քոթեջը (և ոչ միայն) կվերանորգվեն հիմնովին ու հիանալի առիթ կլինի ինչպես բրիտանացիների, այնպես էլ բոլորի համար գալ ու բնակվել հենց այս քոթեջում՝ դրանով իսկ զգալով մեծ երաժշտի “ստեղծագործական շունչը”:
Իր հերթին դեսպան էլ շնորհակալություն հայտնեց նմանօրինակ իրականցվող նախագծի համար ու կիսվեց Բրիտենի հուշերով այն մասին, որ հայ ժողովուրդը շատ հյուրասեր ու յուրահատուկ ազգ է և որ այստեղ, իսկ ավելի կոնկրետ Դիլիջանում, բացառիկ հիանալի բնություն է:
Ապա հաջորդեց քարի պաշտոնական բացումը, որից հետո հյուրերը շրջեցին No 13 քոթեջում:
Հավելենք միայն, որ միջոցառմանը կոմպոզիտորների ու երաժշտագետների հետ միասին, մասնակցում էր նաև Դիլիջանի քաղաքապետը:
English
Русский
