ՄԵԴԵԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. “ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՍ ԿԱՐԾԵՍ ՏԱՆԸ ԼԻՆԵՄ”

Հայաստանի Ժողովրդական Արտիստ, հայտնի թավջութակահար Մեդեա Աբրահամյանը հուլիսի 2-ին Կոմպոզիտորների Միության դահլիճում ներկայացրեց իր հեղինակային հուշ-գրքույկը` “Կատարողի մտորումներ” խորագրով: Ու հենց Միության դահլիճում ու Միության աջակցությամբ էլ կայացած այս երեկոյի ընթացքում վաստակավոր թավջութակահարը իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է, որ հենց այս բեմում է լինում իր գրքի շնորհանդեսն ու երկար տարիներ այս բեմում հանդես գալով, իր կյանքում առաջին անգամ բարձրացել է բեմ՝ առանց գործիքի: 82-ամյա երաժիշտը իր հիացմունքն ու դրվատանքի խոսքերն ուղեց Միության հասցեին ու վերջում նշեց, որ սա իր տունն է.

– Այստեղ կարծես ես տանն եմ:

Իր հերթին Միության Նախագահ Արամ Սաթյանն էլ բարձր գնահատելով երաժշտի ծավալած բազմամյա գործունեությունը, կարևորեց նրա դերը հայ կատարողական երաժշտության զարգացման գործում:

Ապա երեկոն շարունակվեց գեղեցիկ կատարումներով, որոնք ուղեկցվում էին թավջութակի, ջութակի գույներով՝ դաշնամուրի նվագակցությամբ: Ա.Հարությունյանի, Ա. Բաբաջանյանի, Ղ. Սարյանի, Է. Միրզոյանի, Ա. Տերտերյանի, Ս. Զաքարյանի ստեղծագործություները հնչում էին մեծամասամբ Մեդեա Աբրահամյանի ուսանողների կատարմամբ: Դե իսկ երեկոն էլ եզրափակվեց “Խաչատրյան” տրիոյի գեղեցիկ կատարումներով:

Հավելենք միայն, որ Մշակույթի Նախարարության աջակցությամբ հրատարակված գրքույկը պատմում է Մեդեա Աբրահամյան երաժիշտ-կատարողի անցած ուղու, հիշողությունների ու երաժշտական կյանքի հաճելի ակնթարթների մասին:

Նշենք, որ երեկոն վարում էր մեր Միության անդամ Գոհար Շագոյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով