ԲՈՍԹՈՆՈՒՄ ՀՆՉԵՑԻՆ ՀԱՅ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ ու Բոսթոնի հայկական թանգարանի և գրադարանի աջակցությամբ, հունիսի 22-ին կայացավ հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության համերգը: Այս նախագիծը միավորել էր թվով 15 հայ կոմպոզիտորների, որոնց ստեղծագործություններն էլ հնչեցին ջութակահար Սարգիս Կարապետյանի, Նունե Կարապետյանի /սոպրանո/ և դաշնակահարուհի Նունե Հակոբյանի կողմից:

Համերգը տեղի ունեցավ Բոսթոնի հայկական թանգարան-գրադարանում, իսկ բացման խոսքն էլ վստահվեց հենց թանգարանի տնօրենին՝ Պերճ Չեքիջյանին: Ապա իր ելույթով ներկաներին ողջունեց այս նախագծի կազմակերպիչ, Հայաստանի Կոմպոզիտորների Միության Արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը, ով, նախ ներկայացրեց Միությունում վերջին շրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունների ու կատարվելիք նոր նախագծերի մասին, ապա ընթերցեց Միության Նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքը:

Համերգը մեկնարկեց Սոֆյա Միքայելյանի “Պրելյուդ” ստեղծագործությամբ, իսկ եզրափակվեց Էդվարդ Սադոյանի վոկալ շարքով: Հնչեցին նաև Ալեքսանյանի, Բաբայանի, Գարսոյանի, Հակոբջանյանի, Կարապետյանի, Կոստանյանի, Ղազարյանի, Մավիսակալյանի, Մակարյանի, Սաթյանի, Սուքիասյանի, Շահրիմանյանի և Զարիֆյանի կամերային ստեղծագործություններից:

Ինչպես մեզ փոխանցեց Կ.Պետրոսյանը, բոլոր հեղինակների ստեղծագործություններն ընդունվեցին մեծ հաջողությամբ, բոլորը շատ գոհ էին և տպավորված: Ավելին, տեղի հանդիսատեսի մոտ ձևավորված այն թյուր կարծիքը, որ հայ ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները կարող են և մասսամբ չընդունվել, հոդս ցնդեցին, ինչի վկայությունն էլ չդադարող շնորհավորանքներն  ու բարձր ծափահարություններն են եղել: Ներկաների խոսքով, հայ ժամանակակից երաժշտությունն եղել է տարբերվող իր “ասելիքով”, ազգային մտածելակերպով ու իր գեղեցկությամբ:

Հատկանշական է, որ համերգին ներկա են եղել բազմաթիվ հյուրեր Հարվարդի համալսարանից, Բոսթոնի կվարտետի ներկայացուցիչներ և պարզապես երաժշտասեր հանրություն:

ԱՄՆ-ում հաջորդ համերգը կկայանա հունիսի 27-ին՝ Պրովիդենսում: Պրովիդենսի հայկական մշակութային հանձնախմբի աջակցությամբ կայանալիք համերգին դարձյալ կհնչեն այս նույն հեղինակների ստեղծագործությունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով