«ՕՐԸ ՆՎԵՐ Է, ԵՎ ՊԵՏՔ Է ԱՅՆ ՇԱՏ ԹԱՆԿ ՊԱՀԵՆՔ». ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ

Հարցազրույց՝ կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի հետ

Հարցին, թե այդ ի՞նչ ես նվագում, Դուք երկու տարեկան հասակում պատասխանել եք՝ Տիեզերք եմ նվագում: Ինչի՞մասին էր երազում փոքրիկ Էդգարը:

— Չեմ կարող ասել, թե այդ ժամանակ ինչի մասին էր երազում, բայց հիմա կարծում եմ, որ ենթագիտակցորեն Էդգարը երազում էր հնարավորինս չփչացնել այն տիեզերքը, որտեղ ինքը շնչում է և փափագում է ամեն կերպ և իր գոյությամբ օգուտ տալ այդ նույն տիեզերքին:

Հեշտությա՞մբ եք հրաժարվում Ձեր սիրելի իրերից, մարդկանցից:

— Եթե մի բանից հրաժարվում եմ, ուրեմն այն այլևս սիրելի չէ ինձ համար: Օրինակ իմ սննդակարգից հանել եմ ուտելիքի շատ տեսակներ, իսկ ոգելից խմիչք ընդհանրապես չեմ օգտագործում, պատճառը միշտ սթափ լինելու անհագուրդ ցանկությունն է, նաև խմիչքը ազդում է մարդու իմունային համակարգի վրա, որտեղից էլ իհայտ են գալիս տարատեսակ հիվանդություններ: Գիտեք, երբ մի բան ինձ վնասում է, դադարում եմ այն սիրել և այդպես հեշտությամբ հրաժարվում եմ:

Այդ դեպքում ի՞նչը ստիպեց մաթեմատիկոս երիտասարդին կտրուկ փոխել մասնագիտական ուղղվածությունը և ընտրել երաժշտի կոչումը:

— Ավելին ասեմ, ես ֆիզմաթ դպրոցն եմ ավարտել և դպրոցական տարիներին միշտ լավ եմ սովորել, հատկապես շատ ուժեղ եմ եղել մաթեմատիկայից, այն մինչ այժմ էլ ինձ շատ հարցերում օգնում է, բայց երաժշտությունը միշտ ինձ ուղեկցել է ամենուր, այն ժամանակ էլ դասերիս հետ զուգահեռ դաշնամուրով էի զբաղվում, սակայն ինձ դեռ տրված չէր ստեղծագործել: Իսկ թե ինչու՞ վերջնականապես ընտրեցի երաժշտությունը, ասեմ, որ ես ինձ միայն դրա մեջ էի զգում, դրանով էի ապրում:

Կբացատրեք, թե ո՞րն է արվեստագետի ֆունկցիան, հիմա շատերը տեղին անտեղին օգտագործում են այդ բառը՝ չգիտակցելով վերջինիս խորիմաստությունը:

Արվեստագետը մտավորական է, որը հանրության առջև ունի բարձր պատսխանատվության զգացում: Նա իր արվեստով պետք է կերտի մարդու հոգին այնպես, որ այդ մարդը ապրելով տեխնոգեն դարում այնքան բարձր բարոյական արժեքների կրողը լինի, որ չսկսի իր շուրջը ոչնչացնել: Արվեստագետը պետք է իր արածով մարդկանց մեջ սերմանի ճշմարիտ արժեքներ:

Ինչպես հայտնի բանաստեղծության մեջ է նշվում. «Մինչև չգժվի` ջուրը չի եռա, թաթերը մինչև կարգին չգժվեն` ձեռք չեն դառնա»: Գժվելո՞ւ արդյունք են Ձեր ստեղծագործությունները:

— Սիրելու արդյունք են, կյանքը սիրելու: Գիտեք, այսօր տիրում է թիթիզությունը, քաղքենիությունը, նյութապաշտությունը: Ձեզ հիմա կթվա, թե թեման փոխում եմ, բայց ո´չ, տեսեք, օրինակ ավտոմեքենան լավ բան է, հեշտացնում է մեր կյանքը, բայց դա չպետք է վերածվի նյութապաշտության: Մարդը արժեքներ պետք է փնտրի վեհության մեջ, խոսքս կայացած մարդուն է վերաբերում, այն մարդուն, որն ամեն վարկյան համապատասխանում է մարդ լինելու կոչմանը, իսկ այդ կոչումը ձեռք ենք բերում մեր շուրջը կառուցելով:

Կառուցել ասելով, ի՞նչ նկատի ունեք:

Տեսեք, օրինակ տղայիս ասեցի, սպասիր վաղը նվեր ենք ստանալու: Առավոտյան աչուկները բացելուն պես հարցրեց. «Իսկ ի՞նչ ենք նվեր ստացել»,- ասեցի. «Օր ենք նվեր ստացել, օր: Մենք պարտավոր ենք մեր նվերը չփչացնենլ, պիտի աշխատենք այն պահպանենլ»: Այնուհետև նրան ասեցի. «Երբ, դու քո արած նկարները ինձ ես նվիրում, ուզում ես, որ այն լավ պահեմ չէ (ձեռքով ցույց տվեց գրասենյակի պատին կախված երեխայի խզբզոց-նկարը), նույնն էլ օրդ է, պիտի այն շատ թանկ պահես»: Հիմա հասկացաք ինձ, հենց սա է սերը, և հենց այստեղից են ծնվում իմ ստեղծագործությունները:

Ասում են, որ երաժշտությունը պիտի մտնի մարդու սիրտը և ցնցի հոգին: Իսկ էլ ի՞նչ կարող է անել և պիտի անի երաժշտությունն ըստ Էդգար Գյանջումյանի:

— Վերջերս, մի կոնֆերանսի էի մասնակցում, որտեղ բոլորը բժիշկներ էին բացի ինձնից: Ընթացքում ինձ ասեցին. «Բայց դու էլ ես բժիշկ, չէ որ երաժշտությունն էլ իր հերթին ունի բուժիչ հատկություն»: Եվ իսկապես, դարերի փորձը ցույց է տվել, որ երաժշտությունը բուժում է, բուժում է մարդու հոգին, խոսքս բնականաբար, որակյալ, առողջ երաժշտությանն է վերաբերում, քանի որ հակառակ դեպքում այն քայքայիչ, բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա:

Արվեստագետ մարդիկ սովորաբար ավելի նուրբ հոգի են ունենում և հաճախ սիրտ–բանականություն բախման կետում որոշ ժամանակով իզոլանում են հասարակությունից: Երբևիցե նման խնդրի առջև կանգնե՞լ եք:

— Ցանկացած մարդ, երբ մնում է մենակ, ինքն իր մտքերում, ակամայից իզոլանաում է հասարակությունից, սովորաբար իզոլացման վայրը տունն է, որտեղ շրջապատված հարազատ, սիրելի մարդկանցով վերագտնում ենք մեզ, ուժ ենք ստանում, այդ իսկ պատճառով շատ եմ կարևորում ընտանիքի դերը, այն ամենակարևոր բջիջն է:

Բայց այնուամենայնիվ չպատասխանեցիք հարցիս, սիրտ – բանականություն բախումներ Ձեզ մոտ տեղի ունենու՞մ են:

— Բոլորս ունենք մեր զգացմունքները, որոնք պետք է կառավարենք, ընդհանրապես սթափ ուղեղը օգտակար բան է: Լավ է, երբ սիրտն ու բանականությունը մեկ ուղղությամբ են ընթանում, չնայած դա հեշտ բան չէ: Ո՞վ է ասել, որ արվեստագետը պետք է պարտադիր աննորմալ լինի, ունենա բազմաթիվ սիրուհիներ, արբեցողույամբ զբաղվի, որ սկսի ստեղծագործել: Մարդ կարող է ունենալ լավ, համերաշխ ընտանիք, ոգեշնչվի հենց դրանից և ստեղծագործի: Ընդհանրապես, այո´, համամիտ եմ ստեղծագործող մարդիկ ավելի էմոցիոնալ են լինում, նրանց սիրտն ու ուղեղը հակված են տարբեր ճանապարներով գնալուն, բայց էլի հնարավոր է այնպես անել, որ սիրտն ու ուղեղը կշեռքի հավասար նժարների վրա լինեն:

Այդ ինչպե՞ս:

— Դա ինձ հաջողվում է աղոթքի շնորհիվ:

Շնորհավորում եմ Ձեզ, ոչ բոլորի մոտ է դա ստացվում:

— Ես հավատում եմ և աղոթում եմ: Կառավարել սիրտն ու ուղեղը բոլորին էլ հասու է, բոլորն էլ կարող են հասնել դրան: Օրինակ երբ աշխատանքի մեջ լինում են թերություններ, բնականավար, նկատողություն եմ անում իմ գործընկերներին, բայց այդ ամենը նրբանկատորեն եմ անում, չեմ տրվում սրտի պոռթկուներին, դրա համար էլ մեր համագործակցությունը հաջողվում է, նրանք դրանից էլ ավելի պարտավորված են զգում, ջանում են հաջորդ անգամ իրենց աշխատանքն էլ ավելի լավ կատարել:

Լավ, մտավոր թռիչք կատարենք Ձեզ համար այդքան բեղումնավոր 2004 թվական և կտրուկ վերադառնանք 2014 թվական: Ի՞նչ է փոխվել:

— Ձեռք եմ բերել իմ կյանքի ամենաթանկ բանը՝ հավատը, երբ Գերմանիայում էի բուժման նպատակով, ժամանակ ունեցա վերագտնելու կյանքս և մի ամբողջ արժեքային համակարգ մեջս փոխվեց: Հիմա նույիսկ, երբ հին նկարներս եմ նայում, ասես ամբողջովին մեկ այլ մարդ լինեմ, աչքերս ուրիշ են: Չեմ ասում, թե այն ժամանակ սրիկա էի (ծիծաղեց), ընկերներս ասում են. «Էդգար, դու միշտ էլ դրական մարդ ես եղել»,-պարզապես, հասկանում եք ամեն մարդ ինքը գիտի, թե օր օրի ինչն է իր մեջ փոխվում, դա միայն դու ինքդ կարող ես տարբերակել, ուրիշները չեն նկատի:

Իսկ ստեղծագործական ասպարեզում ի՞նչ նորություններ ունեք:

Շատ նոր ստեղծագործություններ ունեմ, վերջերս Հովհաննես Թումանյանի խոսքերի հիման վրա վոկալ շարք եմ գրել, կարծում եմ մյուս տարի արդեն լույս կտեսնի ձայնասկավառակը, որի կապակցությամբ համերգ է նախատեսվում: Գրել եմ նաև մանկական մյուզիքլ «Կարոտի ծառեր», խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է: Իսկ թե ինչու՞ է այդպես վերնագրված, պատասխանը միակն է՝ նորից անդրադառնանք մեզ ամեն օր նվերի տեսքով բաժին հասած օրվան, որը կարոտ է պաշտպանության, սիրո և դրական վերաբերմունքի:

Չցանկանալով Ձեզ հոգեպես ծանրաբեռնել, բայց այնուամենայնիվ կհամարձակվեմ հարցնել՝ երբևէ արտասվե՞լ եք:

— Արտասվել իհարկե (լռեց), մարդ կարող է ուրախությունից էլ լացել, բայց եթե հիմա պատասխանեմ, Ձեր հարցի խորությունը կկորչի: Այ, Ձեզ եմ նույն հարցը ուղղում, արտասվե՞լ եք:

— Հաճախ:

— Բա տեսնում եք, հիմա, որ խնդրեմ պատճառներն ասեք, չեք ասի, չէ: Դա նույնն է, ինչ-որ հարցնեք, ինչու՞ ես մայրիկիդ կամ քրոջդ սիրում, հենց պատասխանես, սերդ կարժեզրկվի:

Ո՞րն է դժվարություններին դիմանալու Ձեր հակաթույնը:

-Շատ հավատալ, աղոթել և կերտել Աստծո հետ ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական հարաբերություններ: Ուղղահայացը ներքին հավատն է առ Աստված, իսկ հորիզոնականը՝ մարդկային հարաբերություններն են: Եթե ուղղահայաց կապը չլինի, հորիզոնական կապը չի հաստատվի՝ այսինքն մարդկանց միջև հաղորդակցումը չի ստացվի:

Իսկ ի՞նչը կարող է վշտացնել Ձեզ:

— Ինձ կարող է վշտացնել (հոգոց հանեց) անտարբերությունը, չարացած, նեգատիվի մեջ մխրճված մարդիկ, բայց չգիտեն, որ դրանով առաջին հերթին իրենք իրենց են վնասում:

Ի՞նչի հետ չեք կարող երբեք համակերպվել:

— Հաճոյանալու հետ: Չեմ սիրում, երբ կեղծավորությամբ փորձում են հաճոյանալ: Այո´, մարդիկ պիտի իրար բարի խոսքեր հաճախ ասեն, երբեք չպահեն իրենց մեջ, ասեն, այն, ինչ կա և ինչ զգում են, բայց ոչ հանուն ինչ-ինչ նպատակների փորձեն հաճոյանալ: Ես շատ եմ սիրում մարդկանց, հաճախ եմ սրտիս զգացածն ասում. Օրինակ՝ կեցցե´ս, այս ինչ լավ ես արել, և հակառակը, երբ ինձ են ասում. «Ինչ լավն է Ձեր այսինչ ստեղծագործությունը, կամ այնինչ երգը»,- ես նրանց չեմ ասում շնորհակալություն, որովհետև սիրելու համար շնորհակալություն չեն հայտնում, բայց ասում եմ, շնորհակալություն, որ այդ ինձ անկեղծորեն ասեցիք, ինձ հաճելի էր: Եվ երկրորդ բանը, որի հետ չեմ համակերպվում, ավելի շուտ ատելով ատում եմ գոռոզությունն է: Հազարամյակներով ապացուցված փաստ է, որ գոռոզ մարդը անապագա մարդ է, և վերջ:

Ո՞րն է այն բացթողումը, որի հետևանքով գեղեցկությունը կարող է կատարյալ չլինել:

— Կա մի թևավոր արտահայտություն. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»: Այո´, դա այդպես է, իսկ թե ո՞րն է գեղեցկությունը, պետք է հասկանանք, իմի բերենք, որովհետև գեղեցիկ, շքեղ տուփի մեջ փաթեթվորված կոնֆետները դժվար թե փրկեն աշխարհը: Գեղեցկությունը ճշմարտության մեջ է: Մարդ պետք է չստի, չսպանի, չէ որ խոսքով էլ կարող ես սպանել, վերաբերմունքով էլ կսպանես, պետք է չգողանալ, գողանալ միայն տուն թալանելը չէ: Օրինակ ամուսինը կամ կինը դավաճանելով կարող են գողանալ միմյանց երջանկությունը, իսկ այդ ամենի հակապատկերը ճշմարտությունն է (ժպտաց): Հիմա տեսեք, եթե քիթը աճի ուսից, իսկ բերանն էլ լինի ոտքի վրա, մարդը ճիշտ կառուցվածք չի ունենա: Սա էլ նույն բանն է:

Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

— Ընտանիքս՝ կինս, երեխաներս:

Այ ճիշտ այն պահն է, որ խոսենք երեխանեից: Երբ փոքրիկներ եք տեսնում կամ անմիջապես ձեր բալիկներին, ի՞նչ եք զգում:

— Սեր և պատասխանատվություն: Պատասխանատվություն, որ կարողանաս կերտել ճիշտ արժեհամակարգով երեխաներ: Պետք է շատ զգույշ լինել նրանց հետ, որ հանկարծ չկոտրվեն, պետք է շատ գովեստի խոսքեր ասել նրանց, թող լավ զգան իրենց, իսկ վատ արարքի դեպքում չեմ ընդունում, երբ բղավում են կամ ֆիզիկական բռնության են ենթարկում երեխաներին, դա կարող է լուրջ հետք թողնել երեխայի հոգեբանության վրա: Նման վերաբերմունքը եսասիրությունից է, երբ ծնողները հեշտ ճանապարհ են ընտրում, այլ չեն ջանում երեխաներին բացատրել իրենց սխալները, դե որովհետև ավելորդ էներգիա են ծախսում: Հիմա տեսեք, մենք զրուցում ենք, և ես էներգիա եմ տալիս, բայց համարում եմ, որ ապարդյուն չի մեր զրույցը:

Այ, հենց այս պահին կուզենամ իմանալ, թե ընդհանրապես ի՞նչ է կինը Ձեզ համար:

— Կինը նվեր է, պարգև՝ տղամարդկանց համար: Ամենկարևոր բանը կնոջ մեջ կանացիությունն է, նրբությունը, քնքշությունը: Դուք հրաշք եք, լցնում եք մեր կյանքը:

Այժմ երբ զբաղվում եք Ձեր սիրելի գործով, ունեք լավ ընտանիք, գրում եք մի երաժշտություն, որը ոչ ոքի անտարբեր չի թողնում, ճանաչված եք: Կա՞ արդյոք մի բան, որ կուզենայիք ունենալ:

— Ցանկանում եմ երեխաներս լինեն լավ ապագայով կրթված մարդիկ, ցանկանում եմ, որ երաժշտական նոր ծրագրերս իրականան, հարազատներս միշտ կողքիս լինեն և ինչպես շուրջս, այնպես էլ իմ երկրում տեսնեմ երջանիկ մարդկանց, քանի որ ինչքան էլ քո կյանում ամեն ինչ արտակարգ լինի, միևնույն է, երբ տեսնում ես ինչ-որ տեղ մի բան այն չէ, դա անմիջապես անդռադառնում է քեզ վրա:

Եվ վերջում մեջբերեմ Ձեր երգերից մեկից հատված, իսկ Դուք շարունակեք. «Եթե սիրտը իմ բացեն այսօր…»:

— Եթե սիրտը իմ բացեն այսօր, այնտեղ կտեսնեն ուրախ, երջանիկ մարդ, ով լցված է ապրելու և կյանքը վայելելու շատ տաք ցանկությամբ:

Հարցազրույցը՝ Հասմիկ Առաքելյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով