Ապրիլի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Հատուկ միջոցառումների սրահում կայացավ Կոմպոզիտորների Միության անդամ, կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանի հեղինակային երեկոն, որի ընթացքում հնչեցին հեղինակի կողմից գրված վոկալ ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հնչեցին հեղինակի 4 ստեղծագործություններ: Համերգը սկսվեց Արտեմ Հարությունյանի խոսքերով գրված երեք երգով, որը գրվել էր 2007 թվականին: Ապա հաջորդեց Վահան Տերյանի խոսքերով գրված հինգ երգը /2009/: Երեկոյի ընթացքում հնչեց նաև “Ավե Մարիա” ստեղծագործությունը, որը գրվել էր 2011 թվականին՝ Սոկրատ Խանյանի խոսքերով: Համերգային ծրագիրը եզրափակվեց Հրաչյա Թամրազյանի խոսքերով գրված 4 երգով:
Հանդիսատեսի բուռն ծափողջույնները “ստիպեցին” երեկոն շարունկել ևս մեկ կատարմամբ: Հեղինակի ընտրությամբ, ևս մեկ անգամ հնչեց Արտեմի Հարությունյանի խոսքերով գրված երեք երգերից “Պահից պահ” ստեղծագործությունը: Հավելենք միայն, որ համերգն իր գեղեցիկ ձայնով զարդարեց երգչուհի Լիլիթ Սանոսյանը, իսկ դաշնամուրի մոտ հենց հեղինակն էր:
Համերգից հետո, մենք զրուցեցինք Ժիրայր Շահրիմանյանի հետ. – Ըստ իս, յուրաքանչյուր ստեղծագործող մարդու կյանքում լինում են տվյալ շրջանը ամբողջացնելու‚ համագումարի բերելու պահեր: Սա իմ երրորդ մենահամերգն էր‚ որտեղ ներկայացրեցի ձայնի և դաշնամուրի համար մինչ այժմ ստեղծած բոլոր ստեղծագործություններս: Բացի ծրագրի վերջում հնչած “Չորս երգ ըստ Հ. Թամրազյանի” շարքի‚ մնացած գործերը պարբերաբար հնչել և ձայնագրվել են‚ թե Հայաստանում‚ թե արտասահմանում: Բայց այս համերգում բոլորը ամբողջացան և ներկայացան ըստ ստեղծման տարեթվերի: Շատ շնորհակալ եմ շնորհաշատ երգչուհի Լիլիթ Սանոսյանից՝ իմ երաժշտության հանդեպ ունենցած լուրջ և պատասխանատու վերաբերմունքի համար: Մեր համագործակցությունը շարունակական է լինելու:
English
Русский
