ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՏԵՑ ԵԶՐԱԳԻԾԸ

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի երկրորդ համերգային օրը: Իր տեսակով բացառիկ այս նախագծի շնորհիվ երկու համերգային օրերի /ապրիլի 27, 28/ ընթացքում հնչեցին ռուս երիտասարդ 11 կոմպոզիտորների թվով 13 ստեղծագործություններ: Հայաստանի Պետական Երիտասարդական և Կոմիտասի անվան Երևանի պետական Կոնսերվատորիայի կամերային նվագամբերը, ինչպես նաև մենակատարները կարողացան հայ հանդիսատեսին 2 օրերի ընթացքում ներկայացնել  ռուսական ժամանակակից ակադեմիական երաժշտության բացառիկ նմուշներ: Իսկ այս նախագիծը կյանքի կոչվեց շնորհիվ Հայաստանի Կոմպոզիտորների Միության, ՀՀ Մշակույթի Նախարարության և Ռուսաստանի Կոմպոզիտորների Միության կողմից: Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով, սա մի բացառիկ հնարավորություն էր վերականգնելու հայ-ռուսական վաղեմի մշակութային բարեկամությունը:

Ապրիլի 28-ի համերգը մեկնարկեց կոմպոզիտոր Դանիիլ Եկիմովսկու “Ունայնություն” ստեղծագործությամբ, գրված ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար: Ապա հնչեցին Սերգեյ Վիլկայի, Սելբի Նիյազովայի և Յարոսլավ Սուձիլովսկու ստեղծագործությունները: Ի դեպ, Յարոսլավ Սուձիլովսկին, ով Ռուսաստանի Դաշնության Կոմպոզիտորների Միության Երիտասարդական մասնաճյուղի ղեկավարն է, ժամանել էր Հայաստան՝ հատուկ այս փառատոնին մասնակցելու համար: Երևան էր ժամանել նաև կոմպոզիտոր, Թաթարստանի Ինքնավար Հանրապետության Երիտասարդ կոմպոզիտորների մասնաճյուղի ղեկավար Էլմիր Նիզամովը, ով լրագրողների հետ զրույցում հիացմունքով էր նշում հայկական մշակույթի, ճարտարապետության ու առհասարակ, հայերի հյուրասեր լինելու մարդկային բարձր որակների մասին: Դե իսկ Յարոսլավ Սուձիլովսկին էլ իր խոսքում չմոռացավ շնորհակալություն հայտնել հայկական կողմին՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:

Ապրիլի 28-ի համերգային օրը հնչեցին նաև Աննա Պավլովայի, Նիկոլայ Միխեևի, Վլադմիր Օրլովի ստեղծագործությունները: Համերգը եզրափակվեց Էլմիր Նիզամովի “Dixi” ստեղծագործությամբ՝ գրված լարային նվագախմբի համար:

Հավելենք միայն, որ երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն էլ կհնչեն Ռուսատսանում. Նախնական պայմանավորվածության համաձայն, հայ երաժշտության օրերը Ռուսաստանում կմենարկեն տարվա երկրորդ կեսին:

Ինչ վերաբերվում է Կոմպոզիտորների Միության գործունեությանը, ապա  պետք է նշել, որ այսքանով փառատոններն ու միջոցառումները չեն ավարտվում: Մայիսի երկրորդ կեսին Երևանում կկայանա երիտասարդ հայ կոմպոզիտորների փառատոնը: Երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն Կամերային երաժշտության տանն ու Արամ Խաչատրյան համերգասրահում՝  երեք համերագյին օրերի ընթացքում; Իսկ մինչ այդ, մայիսի 8-12-ը Կոմպոզիտորների Միությոան տան դահլիճում կկայանա Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների մրցույթը: 9-16 տարեկան պատանի կոմպոզիտորները երկու ենթախմբերում կփորձեն արժանանալ հաղթողի կոչմանն ու մասնակցել մայիսի 12-ին կայանալիք Գալա համերգին: Ի դեպ, մայիսի 12-ին է ծնվել հենց մեծանուն հայ կոմպոզիտրոն Էդվարդ Միրզոյանը: Տարվա երկրորդ կեսին սպասվում են էլի շատ միջոցառումներ: Իսկ դրանց մասին՝ ընթացքում:

Ֆոտոշարքն՝ այստեղ.

https://www.facebook.com/arm.composers/media_set?set=a.1431218873794993.1073741830.100007206811553&type=3

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով