ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Ապրիլի 27-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության տանը մեկնարկեց երիտասարդ կոմպոզիտորների Հայ-Ռուսական փառատունը: Այն անկացվում է Հայաստանի Կոմպոզիտորների Միության, ՀՀ Մշակույթի Նախարարության և Ռուսաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ: Այս փառատոնի շրջանակներում Երևանում հնչեցին երիտասարդ ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունները: Իսկ ահա հայ հեղինակների ստեղծագործությունները նախնական պայմանավորվածության համաձայն, կկատարվեն  Ռուսաստանում տարվա երկրորդ կեսին:

ՀՀ Մշակույթի Նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով, այս փառատոնը “յուրատեսակ կամուրջ”  կդառնա երկու երկրների երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների համար.

– Փառատոնը կնպաստի համագործակցության ամրապնդմանը Հայաստանի և Ռուսաստանի երաժշտական հանրությունների միջև:

Իսկ ահա Կոմպոզիտորների Միության Նախագահ, ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ  Արամ Սաթյանն էլ նշում է, որ երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը հետխորհրդային շրջանի առաջին լուրջ քայլն է  հայ  և ռուս կոմպոզիտորների  ստեղծագործական բարեկամության  վերականգնամ ու զարգացման ուղղությամբ:

Ապրիլի 27-ին կայացած համերգը  մեկնարկեց Կոմպոզիտորների Միության Նախագահ Արամ Սաթյանի ողջույնի խոսքով  ու կոմպոզիտոր Սերգեյ Վիլկայի “Հյուսիսային արևի լույսը” ստեղծագործությամբ` գրված լարային նվագախմբի համար: Իսկ բեմում Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախումբն էր, որն այդ երեկո “ղեկավարում” էր ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Սերգեյ Վիլկայի ստեղծագործությանը հաջորդեցին  Իգոր Իվանովի “In tenebris noctis” /լարայաին նվագամբի և հոբոյի համար/ և Ալեքսանդր Խուբեևի “Dies Irae”/լարային նվագախմբի համար/ ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հնչեց նաև Էլմիր Նիզամովի վոկալ ցիկլը՝ երգչուհի Լուսինե Մակարյանի մենակատարությամբ: Համերգը եզրափակվեց Ալեքսանդր Պիլատովի “Իկառ” սիմֆոնիայի կատարմամբ:

Հավելենք միայն, որ փառատոնի երկրորդ համերգային օրը՝ ապրիլի 28-ին, կհնչեն Դանիիլ Եկիմովսկու, Սերգեյ Վիլկայի, Սելբի Նիյազովայի, Յարոսլավ Սուձիլովսկու, Աննա Պավլովայի, Նիկոլայ Միխեևի, Վլադիմիր Օրլովի և Էլմիր Նիզամովի ստեղծագործություններից: Այդ երեկո բեմում կլինի Երևանի պետական Կոնսերվատորիայի Կամերային Նվագախումբը. Դիրիժոր՝ Յուրի Գալստյան: Համերգը դարձյալ տեղի կունենա Կամերային Երաժշտության տանը, ժամը 19:00-ին:

Մուտքն ազատ է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով