99 ՏԱՐԻ…

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: “Ցեղասպանություն” – “Գենոցիդ” տերմինը գոյացել է հունարեն genos-ռասա կամ ցեղախումբ և լատիներեն cide-սպանել բառերի համակցումից: 1945 թ., երբ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը նացիստական ղեկավարությանը դատապարտեց մարդկության դեմ իրագործված հանցագործությունների մեջ, “Ցեղասպանություն” բառը ներառվեց դատավճռում, սակայն որպես նկարագրական, այլ ոչ թե իրավական տերմին:

1948թ. դեկտեմբերի 9-ին, Հոլոքոստի հիշողության ազդեցության ներքո, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց “Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին” կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն է համարվում հետեւյալ գործողություններից ցանկացածը, որն իրականացվում է որևէ ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով.

1.     Խմբի անդամների սպանություն.

2.     Խմբի անդամներին լուրջ ֆիզիկական կամ մտավոր վնասների պատճառում.

3.    Խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծում, որոնք ուղղված են խմբի անդամների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը.

4.     Այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ուղղված են խմբի ներսում ծնելիության կանխմանը.

5.     Խմբի երեխաներին բռնությամբ մեկ այլ խումբ տեղափոխումը:

Կոնվենցիայի ընդունումից հետո որոշ գիտնականներ առաջարկել են ավելի համընդգրկուն սահմանումներ:

Մասնավորապես` 1959թ. իրավագետ Փիթեր Դրոստը սահմանել է ցեղասպանությունը որպես “Մարդկանց` որևէ խմբի պատկանելիության համար կյանքից կանխամտածված զրկելը”:

Անվանի ցեղասպանագետ Իսրայել Չառնին` “Ցեղասպանության հանրագիտարանի” խմբագիրը, առաջարկել է հետևյալ սահմանումը. “Ցեղասպանությունը, ընդհանրական իմաստով, զգալի թվով մարդկանց զանգվածային սպանությունն է, որը չի իրագործվել թշնամու զինված ուժերի դեմ ռազմական գործողությունների ընթացքում, զոհերի անպաշտպանվածության և անօգնականության պայմաններում”:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի կոնվենցիան քաղաքական խմբի անդամների սպանությունը չի սահմանում որպես ցեղասպանություն, սակայն շատ ցեղասպանագետներ պնդում են` ցեղասպանության սահմանման մեջ ներառել նաև այդ կետը: Նշանավոր ցեղասպանագետ եւ սոցիոլոգ Լեո Կուպերը գտնում է, որ ժամանակակից աշխարհում քաղաքական տարաձայնություններն առնվազն նույնքան կարևոր հիմք են կոտորածների և ոչնչացման համար, որքան ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական տարբերությունները: Ի լրումն կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությանը որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը եւ Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել “Պոլիտիցիդ” տերմինը:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրավորվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` իրագործելով այն:

Ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց ցեղասպանության ընթացքում:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը:

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման համընդհանուր և բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով