Մայիսի 4-ին Շվեյցարիայում կայացող “Concert Arménien” համերգի շրջանակներում երգչուհի Կարինե Մկրտչյանի և դաշնակահարուհի Սոնա Իգիթյանի շնորհիվ հայ կոմպոզիտորական արվեստի հնչյունները “կթևածեն” Ժնևի Բերնե թեմական կենտրոնում : Կոմիտասի, Աբրահամյանի, Կանաչյանի, Հովհաննիսյանի, Պետրոսյանի, Տիգրանյանի ստեղծագործություններն այդ երեկո կհնչեն “Kasa” ասոցացիայի նախաձեռնությամբ:
Այս համերգի կապակցությամբ էլ մենք զրուցեցինք համերգի գլխավոր “մեղավորներից մեկի”` Կարինե Մկրտչյանի հետ.
-Ես մեծ սիրով ու հպարտությամբ պետք է նշեմ, որ իմ ստեղծագործական կարիերայի զարգացմանն համատեղ, ես մեծ պատիվ եմ համարում արտերկրում հայ երաժշտության ներկայացնողը լինել: Արդեն 6 տարի է, ինչ ապրում եմ Շվեցարիայում և այս տարիների ընթացքում հայ երգն ու երաժշտությունն իմ համերգային երգացանկի անբաժան մասն են կազմում:
Մեզ հետ զրույցում Կարինեն նշեց, որ համերգի ողջ հասույթը տրադրվելու է “KASA” հիմնադրամին, որն էլ իր հերթին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի մշակույթի զարգացման գործում:
Կարինեն առաջին անգամը չէ, որ պատվով է ներկայացնում հայ երաժշտությունը: 2010 թվականին “Estrée” պատկերասրահում նրա կողմից Կոմիտասի “Օրոր” ստեղծագործությունը մեծ արձագանք գտավ տեղի հանդիսատեսի շրջանակներում:
Անդրադառնալով այս համերգին, երգչուհին նշեց, որ դաշնակահարուհու՝ Սոնա Իգիթյանի հետ առաջին անգամն է համագործակցում: Երգչուհին հավատացած է, որ այս ու նմանօրինակ համերգներ դեռ նրանք կհասցնեն ներկայացնել եվրոպական շատ ու շատ համերգասրահներում:
English
Русский
