ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՄ ՈՒՐԻՇ ԹԵԼԵՐՈՎ»

Երիտասարդ կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը հեղինակել է մի շարք կամերային, խմբերգային, սիմֆոնիկ եւ վոկալ ստեղծագործություններ: Նա համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Խորվաթիայում եւ մի շարք այլ երկրներում:

– Ժիրա՛յր, ինչպե՞ս եւ ե՞րբ զգացիր, որ երաժշտության հանդեպ անտարբեր չես:

– Ինքս երաժիշտների ընտանիքից եմ, ամենուր եւ միշտ շրջապատված եմ եղել երաժշտությամբ: Դեռ հանրակրթական դպրոց չէի հաճախում, բայց գնում էի երաժշտական դպրոց: Կարծում եմ՝ երաժշտությունն ինձ համար բնական մի բան է, 12-13 տարեկանում առաջին քայլերս արեցի ու սկսեցի ստեղծագործել:

– Ո՞ւմ ստեղծագործություններն են քեզ համար սնունդ հանդիսացել:

– Բոլոր մեծ կոմպոզիտորներից միշտ էլ կարելի է ինչ-որ բան սովորել: Մարդ իր կյանքի ընթացքում միշտ սովորում է, սակայն կցանկանամ առանձնացնել Կոմիտասին, քանի որ նա ինձ համար մեծ երեւույթ է, տարօրինակ մի աշխարհ:

– Ի՞նչ է բեմը կոմպոզիտորի համար:

– Ընդունված է, որ կոմպոզիտորն այդքան էլ բեմի մարդ չէ: Սակայն թեկուզ այդ մի պահը, որ դու բարձրանում ես բեմ, ու ստեղծագործությունդ հնչում է օդում, տարածության մեջ, երջանկացնում է քեզ: Օրինակ` ես ժամանակ առ ժամանակ նաեւ որպես կատարող հանդես գալու պահանջ եմ զգում:

– Ստեղծագործող երիտասարդներն այսօր գնահատվո՞ւմ են:

– Կարծում եմ՝ երբեմն էպիզոդիկ գնահատվում եմ, բայց դա շարունակական, մշակված բնույթ չի կրում: Ցավոք սրտի, այս պարագայում երիտասարդներն էլ նախընտրում են ստեղծագործել Հայաստանի սահմաններից դուրս: Սակայն, անկախ նրանից, թե հայրենիքն ինչ է ինձ տալիս, ինքս օտար ափերում չեմ մնա, քանի որ Հայաստանի հետ կապված եմ ուրիշ թելերով:

– Ի՞նչ տարբերություններ կան այստեղ եւ դրսում ստեղծագործող երիտասարդների միջեւ:

– Օտարազգի ստեղծագործողների աշխարհայացքն ավելի լայն է: Այնտեղ երկրից երկիր, քաղաքից քաղաք շփումները շատ են, իսկ այստեղ կղզիացած վիճակ է, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մեզ մոտ էլ ամեն ինչ կփոխվի: Մնում է միայն, որ ամեն բան մշակված լինի: Ցանկանում եմ նշել, որ այժմ Հայաստանի կոմպոզիտորների միությունում դրական տեղաշարժեր են նկատվում, եւ մենք՝ երիտասարդներս, բավականին մեծ ակնկալիքներ ունենք: Կամաց-կամաց երիտասարդները գնահատվում են:

– Մեր երաժշտական դպրոցն ի՞նչ մակարդակում է այժմ գտնվում:

– Մինչ այսօր էլ թե՛ կատարողական, թե՛ կոմպոզիտորական լավ դպրոցը կա, միակ խնդիրն այն է, որ լավ կադրերն այստեղ չեն մնում, իսկ մի քանի հոգով միջավայր չի կարող ձեւավորվել: Շատ լավ է, որ երիտասարդները գնան, արտասահմանում կատարելագործվեն, բայց պարտադիր նախապայման է հետ վերադառնալը:

– Ի՞նչ ակնկալիքներ ունեք մեր միջավայրից:

– Մենք ինքներս շատ բան չենք կարող փոխել, բայց պետք է ձգտենք ու հնարավորինս ամեն ինչ անենք հայ բեմում հանդես գալու համար: Թեկուզ ուշ-ուշ` տարին մեկ-երկու անգամ, պետք է ելույթ ունենալ: Օրինակ՝ Հայաստանում իմ վերջին ելույթը եղել է 2012 թվականի աշնանը, որից հետո որեւէ առիթ չի եղել: Քանի որ համերգները շարունակական բնույթ չեն կրում, նաեւ չի ձեւավորվում կոնկրետ հանդիսատեսը: Այժմ մեծ խնդիր է օտարամոլությունը: Ահռելի մեծ գումարներ են ծախսում ու Հայաստան բերում տարիքն անցած մարդկանց, որոնցից միայն անունն է մնացել: Այս ամենի արդյունքում տեղի արվեստագետները մնում են լուսանցքում, ինչը շատ ցավալի է:

Հարցազրույցը՝ Eritasard.am -ի

Զրուցեց` Լիլիթ Սեդրակյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով