Մարտի 29-ին Կոմիտասի անունը կրող Կամերային երաժշտության տանը կայացավ կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարած Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը երեկոյի ընթացքում հնչեցրեց հեղինակի կամերային ստեղծագործություններից: Նախ, համերգը սկսվեց լարայինների համար գրված Սիմֆոնիետայով, ապա հերթը “Թափուր անդաստան” ստեղծագործությանն էր, որը գրվել էր 15 տարի առաջ: Դուդուկի ու զուռնայի, լարայաին նվագախմբի ու զանգերի համար գրված ստեղծագործության հայկական երանգներն անմիջապես տարածվեցին ողջ դահլիճով մեկ: Արվեստի վաստակավոր գործիչ , դուդուկահար Լևոն Թևանյանն էլ բացառիկ գեղեցկությամբ ներկայացրեց նախ այդ, և ապա “Հարզատ մեղեդիներ” ստեղծագործությունը. այստեղ արդեն դուդուկին ու զուռնային եկան փոխարինելու պկուն ու բլուլը: Դե իսկ քամանչահար Հակոբ Խալաթյանի մենակատարությամբ ու լարային նվագախմբի ու դաշնամուրի նվագակցությամբ հնչաց “Անտունի” ստեղծագործությունն էլ երեկոն զարդարեց նորովի, նոր երաժշտական գույներով: Հեղինակի 1996 թվականին գրված լարային կվարտետի նվագախմբային փոխադրումով էլ ծրագիրն ավարտվեց: Սակայն, հանդիսատեսի ծափողջույնները “ստիպեցին” նվագախմբին դարձյալ ու դարձյալ զարդարել երեկոն Ալթունյանական երանգներով. հեղինակի “Բերդ պար” ու “Քոչարի” մշակումներով էլ և եզրափակվեց հոբելյանական երեկոն:
English
Русский
