ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ “ՌԵՔՎԻԵՄԸ” ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԴԱՓՆԵԿԻՐ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու և շնորհելու կարգի մասին» ՆՀ-1164-Ն հրամանագիրը և հաշվի առնելով պետական մրցանակների հանձնախմբերի առաջարկությունները: Այսօր, Նախագահի նստավայրում տեղի է ունեցել մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակներ են շնորհվել գրականության և արվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության, ճշգրիտ և բնական գիտությունների, հումանիտար և հասարակական գիտությունների բնագավառներում:

Նշենք, որ երաժշտության ոլորտում պետական մրցանակի է արժանացել կոմպոզիտոր, Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ, ՀՀ Ժող. արտիստ Տիգրան Մանսուրյանը՝ «Ռեքվիեմ» ստեղծագործության համար:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմի» պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 19-ին, Բեռլինի ֆիլհարմոնիայի կամերային դահլիճում  ճանաչված դիրիժոր Ալեքսանդր Լիբրայխի ղեկավարությամբ, Մյունխենի կամերային նվագախմբի, RIAS կամերային երգչախմբի, Քրիստինա Քայզերի (սոպրանո), Էնդրյու Ռեդմոնդի (բարիտոն) մեկնաբանմամբ

– Միացրել եմ լատինական լեզուն եւ բնիկ հայկական երգեցողությունը, որով ներկայացրել եմ հայ ժողովրդի համընդհանուր ցավը, ինչպես նաեւ ընտանիքիս պատմությունը, – նշում է Մաեստրոն, ով փաստում է, որ “Ռեքվիեմի” վրա աշխատել է շուրջ 10 տարի.

– Այս կտավը կյանքիս տասը տարին է արժեցել: Պետք էր ներխուժել արդեն ստեղծված ռեքվիեմների աշխարհը: Համարձակությունս ներեց, մուտք գործեցի ու երաժշտությանս մեջ հայ միաձայնության սկզբունքով պահանջվող բազմաձայնության բոլոր տեսակները կիրառեցի: Որոշ հատվածներ եմ ներմուծել ռեքվիեմ, որտեղ սոպրանոն եւ բարիտոնը առանց նվագակցության ներկայացնում են հայկական երաժշտարվեստի հպարտ ու անսասան մտածողության ձեւը:

Ըստ պայմանագրի էլ, «Ռեքվիեմը» տարիուկես պետք է կատարեին միայն պատվիրատուները՝ Մյունխենի կամերային նվագախումբը եւ RIAS կամերային երգչախումբը:  Եվ ահա, “Ռեքվիեմի”  հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ 2013 թվականի ապրիլի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային եւ «Հովեր» երգչախմբերի  (ղեկավարներ՝ Ռոբերտ Մլքեյան, Սոնա Հովհաննիսյան), մեներգիչներ Հասմիկ Թորոսյանի (սոպրանո), Դավիթ Բաբայանցի (բարիտոն) կատարմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով