ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ “ԱՐՍ ԼՈՒՆԳԱՅԻ” ԿԱՏԱՐՄԱՄԲ՝ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ

46 տարվա պատմություն ունեցող մոլդովական հանրահայտ “Մարտիշոր” փառատոնի շրջանակներում “Արս Լունգա” դուետը հանդես եկավ գեղեցիկ համերգով: Հայկական դուետը փառատոնի փակման արարողության ժամանակ կատարեց հայ կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի /Դաշնամուրային ֆանտազիա No1 – մենակատար՝ Ջուլիետտա Վարդանյան/, Առնո Բաբաջանյանի /“Արիա”-դաշն., թավջութակի և լարային նվ. համար/ և Ալեքսանդր Հարությունյանի “Մանրանվագներ” ստեղծագործությունները: Ի դեպ, վերջինիս մշակումը պատկանում է հենց “Արս Լունգայի” թավջութակահար Արամ Թալալյանին: Մեզ հետ զրույցում Արամ Թալալյանը նշեց, որ այդ համերգի հրավերն իրենք ստացել են  մի քանի ամիս առաջ:

Մոլդովայի մշակույթի նախարարւթյան, Ազգային Կամերային Նվագախմբի՝ դիրիժոր Քրիստիան Ֆլորեայի հրավերով, ինչպես նաև Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ կայացած համերգի ընացքում հնչել է նաև Կ. Ֆ. Է. Բախի և Բոչերինիի ստեղծագործություններից:

Շնորհիվ “Արս Լունգայի”, հայ երաժշությունը ևս մեկ անգամ հասանելի դարձավ նաև Մոլդովայի երաժշտասեր հանրությանը: Ի դեպ, նախորդ տարի այս դուետի կողմից իրականցված հայրենանվեր և բացառիկ նախագծին շուտով կգա լրացնելու ևս մեկը: Ձայնագրված հայ կոմպոզիտորների՝ թավջութակի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունների ձայնադարանում կավելանան հայ կոմպոզիտորների դաշնամուրային տրիոների ձայնագրությունները: Այս նոր նախագիծը նախատեսված է իրագործել առաջիկա 2 տարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով