ԳԱԳԻԿ ՀՈՎՈՒՆՑ. ”ԻՄ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱՌԱՅԵԼ ԵՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆԸ”. ՄԱՐՏԻ 1-ԻՆ ՀՈՎՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է:

Մարտի 1-ին մեր ժամանակների մեծանուն հայ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի ծննդյան օրն է: Այդ առիթով composers.am կայքը զրուցեց կոմպոզիտորի հետ, իմանալու, թե ինչպե՞ս է սովորաբար նշում իր ծննդյան օրը.

– Գիտեք, քանի որ իմ ծննդյան օրը համընկնում է գարնան առաջին օրվա հետ, ուստի իմ ընկերները, իմ հարազատները միշտ այդպես հիշում էին ու չէին մոռանում շնորհավորել:  Ես  ակտիվ տոնախմբությունների սիրահար երբեք չեմ եղել: Իմ ծննդյան տոները՝  60-ամյակիցս սկսած նշանավորվում էր  այն բանով, որ հոբելյանական տարիներին /60, 65, 70, 75, 80/ իմ համար կազմակեպվում էր հեղինակային համերգներ: Այդ կերպ էլ և նշվում էր իմ ծննդյան տոները: Ի դեպ,  շնորհակալ եմ նաև երիտասարդներին, ովքեր իմ 80-ամյակին նվիրված համերգը կազմակերպեցին “իմ մանկության դահլիճում”՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում:

Մեր այն հարցին, թե ծննդյան տոներից ո՞րն է ամենաշատը տպավորվել, մաեստրոն պատասխանեց այսկեպ.

– 70-ս: Այդ ժամանակ էր, որ կազմակերպվեց երկու բաժնով մեծ սիմֆոնիկ համերգ: Հիանալի համերգ էր, հիանալի…

– Իսկ ո՞րն է եղել Ձեր ծննդյան օրվա ամենամեծ երազանքը, որը պահել եք ու այն կատարվել է.

– Գիտեք, իմ կյաքում մեկ մեծ երազանք եմ ունեցել. իմ ամբողջ կյանքի ընթացքում ծառայել երաժշտությանը, այլ ոչ մարդկությանը: Իսկ քանի որ երաժշտությունն էլ նախատեսված է նաև մարդկանց համար, հետևաբար այդ կերպ առնչություն ունենալ մարդկանց հետ: Դատելով իմ անցած ճանապարհից ու իմ երաժշտությունը գնահատող մարդկանց ջերմ ու բարի խոսքերից, կարելի է ենթադրել, որ այո՛, իմ երազանքը կատարվել է. Իմ ամբողջ կյանքի ընթացքում ծառայել եմ երաժշտությանը:

– Եվ վերջում, ի՞նչ եք զգում Ձեր ծննդյան օրը.

– Ամեն ծննդյան օրվա ընթացքում ես իմի եմ բերում այն ամենն, ինչ արել եմ ու ապրել: Հետո արդեն՝ նորից սկսում եմ աշխատել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով