Վերջին օրերին համացանցն ու հեռուստատեսությունն ողողած նոր գեղարվեստական ֆիլմի՝ “Ելք չկա”-ի գովազդային հոլովակների շնորհիվ ֆիլմասեր հանրության շրջանակներում բավական հետաքրքրություն է առաջացել: Կրիմինալ-դրամա ժանրում ստեղծված այս ֆիլմը պատմում է մերօրյա ժամանակների մասին, պատմություն, որտեղ խաչվում են ընկերությունն ու դավաճանությունը, սերն ու ատելությունը: Այս ֆիլմն առանձնանում է նաև նրանով, որ ֆիլմի համար գրված երաժշտությունն ունի նաև իր օրկեստրային տարբերակը, որը կատարվել է Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի կողմից՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Իսկ այդ երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ Էդմոնդ Մակարյանն է, ով, ի դեպ, ամենաերիտասարդ հայ կոմպոզիտորներից է երբևէ, ով գրել է ֆիլմի համար երաժշտություն.
– Ֆիլմի երաժշտություն գրելն, իրոք, մեծ պատասխանատվություն է ու բարդ: Բարդ այնքանով, որ պետք է երաժշտությամբ կարողանալ նկարագրել ֆիլմի ընդանուր հոգեվիճակն ու հերոսների տրամադրությունը, նրանց ապրումները: Այդ առումով, փոքր-ինչ բացելով փակագծերը, կարող եմ ասել, որ ֆիլմն ունի երկու առանցքային մեղեդի՝ իրար հակասող, որոնք ողջ ֆիլմի ընթացքում հաջորդում են միմյանց:
– Որքա՞ն ժամանակ պահանջվեց Ձեզանից ֆիլմի երաժշտությունը գրելու համար.
– Երբ սցենարը կարդացի, հենց անմիջապես սկսեցի աշխատել: Որպես այդպիսին՝ երկար չտևեց: Մի փորք երկար տևեց մեծ սիմֆոնիկ նվագախմբի համար պարտիրտուրա գրելը՝ մոտ մեկ ամիս:
– Պատմեք մի փոքր էլ ֆիլմի ստեղծագործական խմբի մասին:
– Ֆիլմի մտահաղացումը աշխարհի կարատեի չեմպիոն Կամո Ունանյանինն է, ով, ի դեպ, մարմնավորել է ֆիլմում գլխավոր հերոսի դերը: Ֆիլմում հանդես են գալիս նաև դերասաններ Արմեն Մարությանը, Արտաշես Ալեքսանյանը, Արտավազդ Հովհաննիսյանը, Արշավիր Փանոսյանը և այլոք: Ֆիլմի ռեժիսորն էլ Վահե Սայանն է, սցենարի հեղինակը՝ Հարություն Ղուկասյանը:
– Մեզ հայտնի է, որ Դուք հեղինակ եք մի շարք էստրադային երգերի: Ի՞նչ ընդհանրոյթյուն կա երգ գրելու ու ֆիլմի սաունդթրեք ստեղծելու միջև. – Երկու դեպքում էլ հոգևիճակ կամ ինչ-որ մի պատմություն է ներկայացվում: Հետևաբար, կոմպոզիտորը պետք է երկու դեպքում էլ ցուցաբերի բացառապես պրոֆեսիոնալ մոտեցում:
https://www.slaq.am/news/elq-chka-filmi-erazhshtvouthyan-steghtsman-patmvouthyvouny
English
Русский
