«R E S O N A N C E» ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության երիտասարդական մասնաճյուղը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների “R e s o n a n c e” փառատոնը, որը կմիավորի Հայաստանում և արտերկրում բնակվող երիտասարդ հայազգի կոմպոզիտորներին` ստեղծելով ընդհանուր ստեղծագործական դաշտ, ինչը կնպաստի հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հետագա զարգացմանն ու տարածմանը:

Փառատոնին մասնակցելու հնարավորություն ունեն նաև 18 տարին լրացած ԵՊԿ ստեղծագործական բաժնում ուսանող այլազգի կոմպոզիտորները:

Շուրջ երկու շաբաթ տևող փառատոնը կհամախմբի ոչ միայն երիտասարդ կոմպոզիտորներին, այլև կակտիվացնի կոմպոզիտոր-կատարող փոխադարձ կապը` հնարավորություն տալով երիտասարդ կատարողներին ու նորաստեղծ անսամբլներին փորձառություն ձեռք բերել և մեկ բեմում հանդես գալ հեղինակավոր երաժիշտների հետ:

Փառատոնի ընթացքում կանցկացվեն հանդիպումներ, քննարկումներ, սեմինարներ, հարցազրույցներ և այլ միջոցառումներ` այդպիսով ակտիվորեն ներգրավելով նաև երաժշտագիտական ոլորտը:

“R e s o n a n c e” երիտասարդ կոմպոզիտորների փառատոնի գլխավոր նպատակակետերից է մագիստրոսական (բա-կալավրիատի) դիպլոմային աշխատանքների մշտական համերգային կատարման ապահովումը:

Փառատոնին կարող են մասնակցել  Հայաստանում և արտերկրում բնակվող 18-35 տարեկան  հայազգի  կոմպոզիտոները, ինչպես նաև ԵՊԿ  ուսանողները (անկախ ազգային պատկանելությունից):

Ներկայացվող ստեղծագործությունները կարող են լինել մինչև 20 րոպե տևողությամբ:

Դիմորդը կարող է ներկայացնել ստեղծագործություններ հետևյալ անվանակարգերով.
1. Վոկալ-գործիքային (կամերային երաժշտություն) – մենանվագից մինչև սեպտետ
2. Լարային նվագախումբ
3. Կամերային երգչախումբ
4.  Էլեկտրոնային, էլեկտրոակուստիկ և փորձարարական երաժշտություն

Կոմպոզիտորը հնարավորություն ունի ներկայացնելու երկու ստեղծագործություն տարբեր անվանակարգերում:

Ստեղծագործությունները կընտրվեն հատուկ հանձնաժողովի կողմից, որը կընդգրկի ինչպես հեղինակավոր, այնպես էլ երիտասարդ կոմպոզիտորների:

Կոմպոզիտորների ստեղծագործությունները հաձնաժողովին կներկայացվեն ծածկանուններով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2014 թ. փետրվարի 20-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով