ԿԱՅԱՑԱՎ “ՌՈՄԱՆՈՍ ՄԵԼԻՔՅԱՆ” ՖԵՍՏԻ ՀԱՄԵՐԳԸ

Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնի համերգը, որը նվիրված էր Ռոմանոս Մելիքյանի 130-ամյակին: Ծրագրում հնչեցին Ռոմանոս Մելիքյանի վոկալ ստեղծագործությունները: Մենակատարները Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներն էին՝ Արմինե Խաչատրյան, Արմինե Վարդանյան, Փիրուզա Արզումանյան, Անուշ Մելքումյան, Լուիզա Երեմյան, Կիմ Սարգսյան:
Համերգը նվիրված էր նաև Երևանի կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյանին, որը հիմնադրվել է հենց Ռոմանոս Մելիքյանի կողմից։ 1921-ին Հայաստանի կառավարությունը նրան հրավիրում է Երևան` երաժշտական ստուդիա հիմնելու: 1923 թվականին Ռոմանոս Մելիքյանի ջանքերով ստուդիան վերածվում է կոնսերվատորիայի:
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն կազմակերպել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի Կոմպոզիտորների Միությունը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը յուրաքանչյուր տարի կրում է այն մեծերի անուններն, ում հոբելյանը նշվում է տվյալ տարի: Փառատոնի նպատակն է սերունդների միջև ամուր կապի ստեղծումը, հայ կոմպոզիտորական դպրոցի` ապագա սերունդների համար ստեղծած ժառանգության արժևորումը և այդ գործընթացի շարունակականության ապահովումը: Փառատոնը միտված է նաև հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով