Դեկտեմբերի 17-ին “Հայացք” ակումբում տեղի ունեցավ Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանի և Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համատեղ մամլո ասուլիսը: Ասուլիսի ընթացքում բանախոսները նախ զրուցեցին կայանալիք Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի մասին: Արամ Սաթյանն ու Սերգեյ Սմբատյանը կարևորեցին նվագախմբի և Միության հետագա համագործակցությունը. հայտարարվեց, որ Միության կողմից գալիք տարի պլանավորվող փառատոններում իրենց մասնակցությունը կունենա նաև Երիտասարդական Նվագախումբը:
Սերգեյ Սմբատյանն իր խոսքում նշեց նաև առաջին դասական օնլայն ռադիոյի ստեղծման մասին. այդ ռադիոն, որը կտեղադրվի Երիտասարդական Նվագախմբի և Կոմպոզիտորների Միության պաշտոնական կայքէջերում, կհեռարձակի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրությունները՝ կատարված հենց Երիտասարդական Նվագախմբի կողմից:
Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև երիտասարդ կոմպոզիտորներին. բանախոսներից Սերգեյ Սմբատյանը կարևորեց նվագախմբի դերը երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարման գործում ու հավելեց, որ “պատմությունն է սիրում կոմպոզիտորներին”. իրենց գործը նվագելն է: Իսկ ահա Արամ Սաթյանն էլ չցանկանալով առանձնացնել երիտասարդներին, նշեց, որ նոր սերունդն ունի իրոք տաղանդավոր ներկայացուցիչներ:
English
Русский
